Foto

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետեւանքների մասին

Քիչ հավանական է, որ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը կնպաստի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջազգային հեղինակության ամրապնդմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գաղտնիք չէ, որ այդ երկրների տարածքները վաղուց յուրացրել է ՆԱՏՕ-ն, անցկացվել են լայնածավալ զորավարժություններ։ Հասկանալի է, թե ինչու է դաշինքին դա անհրաժեշտ։ Նպատակը ռազմական ներուժի եւ աշխարհագրական ընդլայնման զարգացումն է, ռուսական սպառնալիքների համար մեկ այլ թեւ ստեղծելը։ Բայց թե ինչու մեր ֆին եւ շվեդ հարեւանները Բալթյան տարածաշրջանում պետք է վերածվեն ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ առճակատման նոր սահմանի, անհասկանալի է: Հյուսիսային Եվրոպայում խաղաղության եւ կայունության համար բացասական հետեւանքները ակնհայտ են։

Տասնամյակներ շարունակ ռազմական չմիավորման արտաքին քաղաքական գիծը ապահովել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անվտանգության հուսալի մակարդակը, ծառայել է որպես ամուր հիմք մեր երկրների միջեւ փոխշահավետ եւ իրավահավասար համագործակցության կառուցման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար, որոնցում ռազմական գործոնի դերը  հասցվել է զրոյի։ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի կարող ամրապնդել նրանց ազգային անվտանգությունը։ Նրանք ինքնաբերաբար կհայտնվեն ՆԱՏՕ-ի «առաջնագծում»։

Ավելին, ՆԱՏՕ-ին անդամակցելը, ըստ էության, ենթադրում է ինքնիշխանության մի մասի հրաժարում պաշտպանության ոլորտում որոշումների մշակման, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության մեջ։ Ճիշտ է, այս միտումը նշմարվել է ներկայիս իրավիճակից շատ առաջ, երբ Եվրամիության անդամ երկրները, այդ թվում՝ ոչ բլոկային երկրները, աստիճանաբար վերածվել են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ապակառուցողական ուղենիշների գործիքի։ Քիչ հավանական է, որ ՆԱՏՕ-ին պոտենցիալ անդամակցությունը կնպաստի Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջազգային հեղինակության ամրապնդմանը։

Ընտրությունը Ստոկհոլմինն ու Հելսինկիինն է, բայց նրանք պետք է հասկանան այդ քայլի հետեւանքները մեր երկկողմ հարաբերությունների անվտանգության համար»,-ասել է Զախարովան։