Foto

ՄԻՊ-ի համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը գործունեության առաջնային ուղղություններից է

Մարդու իրավունքների պաշտպանի համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը գործունեության առաջնային ուղղություններից է։ Այս համատեքստում 2024-2025 թվականներին շեշտակի ավելացվել են նշված ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող միջոցառումները:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս ընթացքում հետևողականորեն ակտիվացրել է համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց և քաղաքացիական հասարակության ոլորտային կազմակերպությունների հետ՝ ի թիվս այլնի, ընդգրկելով նրանց մշտադիտարկման այցերի, իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրման, իրազեկման արշավների շրջանակներում և բազմաթիվ այլ միջոցառումներ իրականացնելով նրանց անմիջական ներգրավմամբ: Սա առանցքային և նոր լուծում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար:

Անահիտ Մանասյանի մարզային այցելությունների պարտադիր մասն են դարձել հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական հասարակության գործընկերների հետ հանդիպումները՝ խնդիրներին ու հնչեցվող մտահոգություններին տեղում ծանոթանալու նպատակով:

2024-2025 թվականներին Մարդու իրավունքների պաշտպանը շեշտակի ավելացրել է ոլորտում իրականացվող մշտադիտարկման այցերի թիվը:

2025 թվականին, օրինակ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում, շուրջ 3 տասնյակ մշտադիտարկման այց է իրականացրել՝ տեղամասային կենտրոնների, ուսումնական հաստատությունների, հանրային տրանսպորտի և այլ շինությունների մատչելիությունը գնահատելու նպատակով: Ի տարբերություն նախկինում իրականացված մշտադիտարկման այցերի՝ նշված այցերի մեծամասնությանը ներգրավված են եղել նաև հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն իրականացրել են շուրջ 5 տասնյակ մշտադիտարկման չհայտարարված այցեր այն հաստատություններ, որտեղ գտնվում են հաշմանդամություն ունեցող անձինք, այդ թվում՝ հոգեբուժական հաստատություններ: Բոլոր այցերի ընթացքում գնահատվել է նաև միջավայրի մատչելիությունը:

Տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել նաև հրապարակային հայտարարություններով` արձագանքելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող տարբեր խնդրահարույց իրավիճակներին։

Բացի այդ, տարվան բնորոշ են եղել լայնածավալ իրազեկման միջոցառումները, որոնք կազմակերպվել են տարբեր ուսումնական հաստատությունների սաների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Միայն 2025 թվականի ընթացքում շուրջ 1000 երեխա մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած իրազեկման արշավի շրջանակում կազմակերպված հանդիպումներին, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: Հանդիպումների ընթացքում, ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների ապահովման հարցերին:

Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ է իրականացրել իրազեկման միջոցառումների մի մասը։

2025 թվականին Պաշտպանի նախաձեռնած իրազեկման արշավի շրջանակներում աշակերտների բազմաթիվ ընդունելություններ և իրազեկումներ են իրականացվել նաև ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների կողմից։

Մարդու իրավունքների պաշտպանը  ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող իրավական ակտերի վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններ։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց առնչությամբ կարծրատիպերի հաղթահարման առումով բեկումնային նշանակություն ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Սահմանադրական դատարան և Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեցին երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։ Արդյունքում, վերոնշյալ անձինք իրավական հնարավորություն կստանան դառնալու դատավորի թեկնածու։ Նշված հանգամանքը բեկումնային նշանակություն ունի մեր հասարակության համար, որտեղ արմատացած են հաշմանդամություն ունեցող անձանց առնչությամբ բազմաթիվ խորքային կարծրատիպեր։

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդը, որում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձինք և ոլորտային հասարակական կազմակերպություններ։

Հարկ է ընդգծել, որ ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կազմում ևս ընդգրկվում են հաշմանդամություն ունեցող երեխաներ։

2024 թվականին խորհրդի հինգ անդամ, որոնցից մեկն ունի հաշմանդամություն, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ Ժնևում մասնակցել են  ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի նիստին: Երեխաները ներկայացրել իրենց զեկույցը Հայաստանում երեխայի իրավունքի խնդիրների առնչությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող միջոցառումների շրջանակներում հաշմանդամություն ունեցող երեխաները մասնակցել են նաև այլ պետություններում կազմակերպված՝ մարդու իրավունքներին առնչվող տարատեսակ միջոցառումների։

2025 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը Միավորված ազգերի կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեին է ներկայացրել արտահերթ այլընտրանքային զեկույց՝ բարձրաձայնելով ոլորտային խնդիրները։ Այդ խնդիրների մասին Անահիտ Մանասյանը խոսել է նաև   2025 թվականի մարտին Ժնևում կայացած ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի նախանիստին։

Առաջիկայում հրապարակվելու է նաև Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը, որում անդրադարձ է կատարվում  նոր կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող շենքերի, շինությունների շենքային պայմանների՝  հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովման հետ կապված առանձին խնդիրների։

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա տարատեսակ խնդիրներին։

Կարևորելով ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԻՊ աշխատակազմը մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց կողմից կամ նրանց ներգրավմամբ կազմակերպվող բազմաթիվ միջոցառումների, այդ թվում` մշակութային՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելով նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կազմակերպվող միջազգային միջոցառումների շրջանակներում։

2025 թվականի նոյեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի և խորհրդին կից աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերից մի շարք երեխաներ և երիտասարդներ հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում երեխաները բարձրաձայնել են միջավայրի մատչելիության, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հետ կապված մի շարք  հարցեր։

Պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվորեն աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խթանման և ներառական հասարակության ձևավորման ուղղությամբ։