Foto

Վրաստանը BBC-ին պատասխանատվության ենթարկելու համար կդիմի տարբեր կառույցների. Կոբախիձե

zՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ցուցարարների դեմ քիմիական նյութեր օգտագործելու վերաբերյալ BBC-ի հոդվածից հետո մեկնարկած հետաքննությանը զուգահեռ Թբիլիսին պլանավորում է դիմել Մեծ Բրիտանիայի հաղորդակցության կարգավորման հանձնաժողովին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային արդարադատությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ 

Վարչապետի խոսքով՝ կարևոր է, որ BBC-ի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունն անպատասխան չմնա։

«Մեզ համար հիմնարար նշանակություն ունի, որ BBC-ի կողմից տարածվող կեղծ տեղեկատվությունն անպատասխան չմնա։ Հետևաբար, հետաքննությանը զուգահեռ մենք պլանավորում ենք դիմել ինչպես Մեծ Բրիտանիայի հաղորդակցության կարգավորման հանձնաժողովին, այնպես էլ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային արդարադատությանը, որպեսզի BBC-ն կարողանա պատշաճ կերպով արձագանքել և հերքել հատուկ ծառայությունների ձեռագրով տարածվող կեղծ տեղեկատվությունը», – ասել է Վրաստանի վարչապետը։

Ավելի վաղ BBC-ն հրապարակում էր արել, ըստ որի Վրաստանի իշխանությունները 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ճնշելու համար, ենթադրաբար, օգտագործել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի քիմիական նյութ՝ բրոմբենզիլցիանիդ կամ կամիտ: 

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել BBC-ի հրապարակման կապակցությամբ։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ BBC-ի դեմ դատական ​​հայցեր են ներկայացվելու միջազգային դատարաններ՝ չհաստատված տեղեկատվություն տարածելու համար։

Ավելի վաղ Կոբախիձեն հայտարարել էր, որ իր թիմը BBC-ին մանրամասն պատասխան էր տվել ցուցարարների դեմ ենթադրաբար քիմիական նյութեր օգտագործելու մասին հարցման առնչությամբ, սակայն այն ամբողջությամբ անտեսվել է։