Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ տեղեկացրեց, որ Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում. «Շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 - 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:
Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները»։
Համացանցում շատերը քննարկում են, որ նախադպրոցական ու դպրոցական հաստատությունները պետք է փակվեն, անցնեն հեռավար ձևաչափի, մինչև իրավիճակի կայունացումը։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տիրույթում է. «Իրավիճակը հետևյալն է՝ բնականաբար բացակայությունները ավելի շատ են, քան սովորական օրերին։ Շատ են նաև բացակայությունները ուսուցիչների շրջանում։ Բոլորս էլ գիտենք, որ դժվար տարվող վիրուս է, հոսպիտալացված շատ երեխաներ ու ուսուցիչներ ունենք։ Եվ այս ֆոնին, իհարկե դպրոցների կյանքը մի փոքր բարդացել է»։
Ինչ վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին, Խաչատրյանը նշեց, որ նույն իրավիճակը այնտեղ է. «Բացակայություններն այնտեղ էլ շատ են, միջինում 26-27 տոկոս, մինչդեռ դպրոցներում տատանվում է 15-20 տոկոսի շրջանակում»։
Համեմատելով նախորդ բռնկումների հետ, պաշտոնյան նշեց, որ նույնական է իրավիճակը. «Այսինքն հիմա չունենք այնպիսի ցուցանիշներ, որ ասեմ՝ երբևէ չի եղել։ Էլի ունեցել ենք այնպիսի շրջաններ, որ շատ բացակայություններ են գրանցվել։ Համաճարակային ֆիլտր է իրականացվում և բնականաբար այն երեխաները, մարդիկ, ովքեր ՍՇՎ-ի կասկածով կամ սիմպտոմներով գալիս են, նրանք ուղղարկվում են տուն»։
Անդրադառնալով այն մտահոգություններին, թե մանկապարտեզներում դաստիարակները, չունենալով փոխարինողներ, հիվանդ վիճակով ստիպված գալիս են գործի, Խաչատրյանը նշեց. «Ընդհանրապես, նույնիսկ ուսումնական տարվա ամենալավ շրջանում, փոխանելիության հարցը խնդիր է և՛ դպրոցներում, և՛ նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Բնականաբար, այլ մասնագետների կողմից այդ ամենը կազմակերպվում է։ Ճիշտ է՝ լրացուցիչ խնդիր է դա հաստատությունների համար, բայց ամեն ինչ կազմակերպվում է։ Այս մասով գեթ մեկ անհնարինության դեպք չենք ունեցել»։
Խաչատրյանը հավելեց՝ դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները փակելու մասով ոչ մի տեղեկություն չունի։









