Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է երկու փողոց։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ծակքարի երկու փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն 12 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Ծակքարի 5-րդ փողոցի և 2-րդ փողոցի 5-րդ փակուղու ասֆալտապատում՝ 760 գծամետր ընդհանուր երկարությամբ և շուրջ 4 հազար քմ մակերեսով։
Հոկտեմբերից մեկնարկած շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, արդեն ավարտական փուլում են։
Ծակքար գյուղի այս փողոցներն ասֆալտապատվում են առաջին անգամ։









