Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց արդարացնել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին. վերջինս ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։
Վերջին դատական նիստում Առուշ Առուշանյանը դատարանում վերջին խոսքով էր հանդես եկել՝ նշելով, թե ամբողջ կյանքում արդար է ապրել և շարունակելու է արդար ապրել, հույս ունի, որ արդարությունը կհաղթի։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։
Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:
Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մյուս քրեական գործը, որը միացվել է սույն վարույթին, ավելի վաղ է ուղարկվել դատարան և քննվում էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանի վարույթում։
Սույն գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման համաձայն՝ Ա.Առուշանյանն իր ընտանիքին պատկանող մեկ այլ ՍՊ ընկերությունում 2020թ. հունվար-փետրվար ամիսներին կատարված գույքագրմամբ արձանագրված շուրջ 33,000,000 ՀՀ դրամ պակասորդի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և պատճառված վնասը հատուցելուն հարկադրելու նպատակով 2020թ. փետրվարին ընկերության պահեստ է կանչել ՍՊ ընկերության աշխատակցին և վերջինիս հետ հանդիպման ընթացքում ֆիզիկական բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով, որպես պատճառված ենթադրյալ վնասի դիմաց փոխհատուցման միջոց՝ աշխատակցից պահանջել է իրեն տրամադրել նրան պատկանող «Նիսսան պայտֆայնդեր» մակնիշի ավտոմեքենան, բանկում գրավադնել կնոջ հարազատներին պատկանող բնակարանը և ստացած վարկային միջոցները տրամադրել իրեն:









