Foto

ԵՄ առաջնորդները Վաշինգտոն են ուղարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իրենց առաջարկների նախագիծը. Der Spiegel

Եվրոպական առաջատար երկրների առաջնորդները Վաշինգտոն են ուղարկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման իրենց առաջարկների նախագիծը, հայտնում է Der Spiegel ամսագիրը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

Ամսագրի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները ուրբաթ երեկոյից աշխատում են հակաառաջարկների վրա։ Նրանք պատրաստել են իրենց սեփական աշխատանքային փաստաթուղթը, որն արդեն ուղարկվել է Վաշինգտոն։ Հրատարակությունը պարզաբանել է, որ դա ԱՄՆ պլանի վերանայված տարբերակն է։

Ավելի վաղ ԵՄ առաջնորդները հայտնել էին իրենց անհամաձայնությունն ԱՄՆ խաղաղության ծրագրի մի քանի կետերի և դրա վերանայման անհրաժեշտության վերաբերյալ: Bild թերթի փոխանցմամբ՝ նրանք հիմնականում դժգոհ են ԱՄՆ-ի առաջարկներից՝ ճանաչելու Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի, Դոնբասի և այլ տարածքների նկատմամբ: Նրանք նաև խնդրահարույց են համարում ուկրաինական բանակի հնարավոր կրճատման, անվտանգության երաշխիքների և սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ դրույթները: