«Մի բան հստակ է՝ նոյեմբերի 9-ի այն դիրքերը, որտեղ կանգնել էին, այդ դիրքերը խախտվել են թե գյուղի, թե բարձունքի ուղղությամբ։ Կարծում եմ՝ բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ադրբեջանական զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր։ Դա շատ հստակ է», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Ադրբեջանը զիջումներ է պահանջում գազի դիմաց, նա պատասխանեց, թե չի կարող մեկնաբանել, քննարկումներին չի մասնակցում։
Գնել Սանոսյանը չմեկնաբանեց նաև՝ Երասխում տեղային հետքաշումների գործընթացը սկսվե՞լ է, թե՞ ոչ հարցին. «Ես հիմա ո՞նց ասեմ՝ Երասխում սկսվել է այդ պրոցեսը, թե չէ։ Ամեն հարց ունի ոլորտային պատասխանատու։ Ձեզ չթվա, որ ես ոչ մի բան չգիտեմ, բայց այն, ինչ իմ տիրույթում չէ, եկեք ես չպատասխանեմ, որովհետև դուք հիմա մեր երկրի անվտանգությանն առնչվող շատ կարևոր, նուրբ հարցեր եք տալիս, ես նախարար եմ, իմ մեկ անզգույշ միտքը, նախադասությունը, կարող է մեզ վնասել։ Դուք ինձ տանում եք այլ տիրույթ, ասում եք՝ պատասխանեք։ Ինչո՞ւ պատասխանեմ։
Կան համապատասխան գործընկերներ, որոնք շատ հստակ գիտեն դրա լուծման եղանակները, պատկերացումները, թե ոնց պետք է գնանք առաջ ու գիտեն, թե այս պահին ինչ է տեղի ունենում»։









