Foto

Զելենսկին հավանություն չի տվել երկիր խաղաղապահներ մտցնելու Լեհաստանի գաղափարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանություն չի տվել Լեհաստանի՝ երկիր խաղաղապահներ մտցնելու գաղափարին՝ հակամարտության սառեցման ռիսկի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պատճառով, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։

«Ես առայժմ մինչեւ վերջ չեմ հասկանում այդ առաջարկի իմաստը։ Մեզ հարկավոր չէ սառեցված հակամարտություն մեր պետության տարածքում, ես սա մեր լեհ գործընկերների հետ հանդիպման ժամանակ բացատրել եմ։ Ես գիտեմ, որ նրանք առաջարկել են այդ հռետորաբանությունը»,- ասել է նա։ «Բարեբախտաբար, թե ցավոք սրտի, սա առայժմ մեր երկիրն է, իսկ ես՝ նրա նախագահը, ուստի առայժմ մենք ենք որոշելու՝ լինե՞ն այստեղ, թե՞ ոչ այս կամ այն ուժերը»,- ավելացրել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է քննարկել անվտանգության երաշխիքները եւ արտադաշինքային կարգավիճակը»։

«Անվտանգության երաշխիքներ եւ չեզոքություն, մեր պետության ոչ միջուկային կարգավիճակ։ Մենք պատրաստ ենք գնալ սրան։ Սա ամենագլխավոր կետն է։ Սա առաջին սկզբունքային կետն էր Ռուսաստանի Դաշնության համար, որքան ես հասկանում եմ։ Եվ որքան հիշում եմ, նրանք այդ պատճառով են սկսել պատերազմը»,- նշել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ  դա պետք է լինի լուրջ պայմանագիր, այլ ոչ թե հերթական թղթի կտոր՝ Բուդապեշտի հուշագրի նման։ «Ուստի, այդ կետը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների կետն է։ Իսկ քանի որ նրանք ասում են, թե դրանք երաշխիքներ են նաեւ իրենց համար, դա ինձ հասկանալի է։ Եվ այն քննարկում են։ Այն խորապես մշակված է, բայց ինձ համար կարեւոր է, որպեսզի դա թղթի եւս մեկ կտոր չլինի՝ Բուդապեշտի հուշագրի տիպի։ Մեզ հետաքրքրում է, որպեսզի այդ թուղթը վերածվի լուրջ պայմանագրի»,- ասել է Զելենսկին։

Նա ավելացրել է, որ Ուկրաինան կարող է չեզոք կարգավիճակի մասին որոշում կայացնել հանրաքվեով, քանի որ Սահմանադրության համապատասխան փոփոխությունները առնվազն մեկ տարի կտեւեն։