Foto

ԵՊՀ ռեկտորը որոշումները կայացնում է միանձնյա՞, թե՞ համաձայնեցնում է «վերևների» հետ

Երեկ Երևանի պետական համալսարանը հայտարարություն տարածեց, ըստ որի ռեկտորի ԺՊ Հովհաննես Հովհաննիսյանը հրաման է ստորագրել, որով ամսական 2 անգամ 3000-ական դրամ կփոխհատուցվի ՊՇՌ թեստ հանձնել ցանկացող աշախատակիցներին։ Արհեստակացական միության նախագահ Արմեն Ավետիսյանը Vesti.am-ին ասել էր, որ ռեկտորի ԺՊ-ն ցուցաբերելով բարձր սոցիալական պատասխանատվություն, ընդառաջ էր գնացել իրենց առաջարկին։

Ժամեր անց ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ն հարցազրույց էր տվել ԵՊՀ կայքին և հայտնել, որ չեղարկել է իր իսկ ժամեր առաջ տված հրամանը հետևյալ հիմնավորմամբ «Այո՛, հրամանի հրապարակումից հետո դրա կիրառման վերաբերյալ մենք բազմաթիվ հարցադրումներ ստացանք: ԵՊՀ-ն բավականին մեծ կառույց է, որն ունի շուրջ 2500 աշխատակից, հետևաբար օբյեկտիվորեն հրամանով նախատեսված փաստաթղթերի հավաքագրումը, ապա փոխհատուցման կազմակերպումը ժամանակատար ու աշխատատար են: Բացի դրանից, մասնագետների պնդմամբ, փոխհատուցման ընթացակարգը հարկային որոշակի պարտավորություններ է ի հայտ բերում, քանի որ այն դիտարկվում է իբրև եկամուտ: Կան նաև այլ դժվարություններ, որոնք, անկեղծ ասած, ի սկզբանե չէին գնահատվել: Հաշվի առնելով բոլոր հարցադրումներն ու ի հայտ եկած դժվարությունները՝ ես ուժը կորցրած եմ ճանաչել այս հրամանը՝ հնարավոր սխալներից, բացթողումներից և դժգոհություններից խուսափելու համար»։

Ստացվում է, որ մայր բուհում արձակված հրամանները մասնագետների հետ նախապես չեն քննարկել։ Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ կիառման բազմաթիվ հարցադրումներ են ստացել և հրամանը հետ են կանչել, քանի որ չէին գնահատել  հնարավոր հետևանքները։ Իսկ այդ դեպքում ռեկտորի ԺՊ-ն ում հետ և ի՞նչ էր քննարկել։

Իսկ գո՞ւցե նախարարությունից Հովհաննիսյանին հիշեցրել են, որ այս բոլոր սահմանփակումներն ու լրացուցիչ ֆինասական բեռը դրվում է նրա համար, որ քաղաքացիները պատվաստվեն, իսկ ինքն ակամայից օժանդակում է չպատվաստվելուն։ Կա՛մ ԵՊՀ-ում հրաման արձակում են միանձնյա, առանց կոլեկտիվ ու քննարկված որորշումների, կա՛մ էլ նրանց հրամանները պետք է համաձայնեցվեն «վերևների» հետ, ինչն այս անգամ հաշվի չէին առել։

Հեղինակ: Աննա Ավետիսյան