Այն, ինչ կատարվում է այսօր, հակասում է ժողովրդավարության սկզբունքներին և խոսքի ազատության հիմնարար իրավունքին։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
««Շողակաթ» հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու իշխանությունների ցանկությունն ու որոշումը բոլորիս համար արդեն շատ ակնհայտ է։
Քանի որ իշնանությունները արդեն նեղություն էլ չեն քաշում ու չեն էլ փորձում թաքցնել իրենց իրական մտադրություններն ու նպատակները։
Ազգային ժողովում «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց 63 կողմ, 31 դեմ քվեարկությամբ։
ԱԺ-ում ընթացող քննարկումներից ու քվեարկությունից ակնհայտ է դառնում, որ օրինագիծը ոչ թե համակարգային բարեփոխում է, այլ հերթական քաղաքական հաշվեհարդարի փորձ։
Մեզ համար անընդունելի է այս իրավիճակային և քաղաքական միջամտությունը, որը վտանգում է Հայաստանում խոսքի ազատությունը, հանրային հեռարձակողների բազմազանությունն ու ազատ մամուլի ինստիտուտը։
«Շողակաթի» դեմ պայքարը, մեծ հաշվով , պայքար է նաև ազգային արժեքների ու դրանց տարածմանը նպաստող կրթական-մշակութային հաղորդումների դեմ։
Միաժամանակ սա Հայ առաքելական եկեղեցու դիրքերը թուլացնելու, եկեղեցականների դեմ քաղաքական արշավը նոր փուլ տեղափոխելու և երկրում, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ճնշումների նոր ալիք սկսելու պարզունակ փորձ է։
Անընդունելի է, որ մեր երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները լուծելու և իրենց իրական պարտականությունները կատարելու փոխարեն, գործող իշխանությունները շարունակում են զբաղվել քաղաքական հաշվեհարդարներով և ազատ մտածողության դեմ պայքարով։
Ամենաթողության ու քաոսի վերջը մոտ է»,-գրել է նա։