ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման» ազգային կենտրոն, որտեղ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ ընդունել է բժշկական սարքավորումների նոր խմբաքանակը:
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում:
«Կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժօգնության կազմակերպման համար յուրաքանչյուր ներդրում խիստ կարևոր է: ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունն անում են ամեն բան` ապահովելու բուժման համար անհրաժեշտ սարքավորումներն, ինչպես նաև պատվաստանյութերի հասանելիությունը: Այս փուլում գնահատելի է նաև Եվրամիության, ՄԱԿ-ի և ԱՀԿ-ի աջակցությունը` հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների հարցում»,- նշել է Լենա Նանուշյանը: