ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ոչ պաշտոնական կերպով ազդարարեց դրեց ՀՀ վարչապետի գերագույն գլխավոր հրամանատար լինելու դիսկուրսը:
Բանն այն է, որ ըստ Սահմանադրության ՀՀ վարչապետը ստանձնում է գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները պատերազմի դեպքում: Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողի հարցին, ԱԱԽ քարտուղարը հռետորական հարց բարձրացրեց՝ Հայաստանը պատերազմի մե՞ջ է, թե՞ ոչ: Իրականում բոլորս էլ հասկանում ենք, որ թեև երկրին պատերազմ հայտարարված չէ, բայց սահմաններին Ադրբեջանի կողմից անընդհատ գնդակոծություններ են լինում, դիվերսիոն ներթափանցման փորձեր են կատարվում, իսկ 2014 և 2016 թվականներին Արցախի սահմաններին նույնիսկ լայնամասշտաբ մարտական գործողություններ են եղել: Բայց Հայասատանի հանրապետությունը դե յուրե պատերազմի մեջ չէ, ավելին, ապրիլյան պատերազմի օրերին նույնիսկ պահեստազորի մոբիլիզացիա չի եղել:
Ո՞րն է պատճառը, որ Արմեն Գրիգորյանը փորձում է Նիկոլ Փաշինյանին խաղաղ պայմաններում գերագույն գլխավորի մունդիր հագցնել: Գուցե այն, որ գերագույն գլխավոր հրամանատարը որոշակի լիազորություններ ու իրավասություններ ունի, որ պակասում են վարչապետ Փաշինյանին խաղաղ պայմաններում: Այս դեպքում ԱԽ քարտուղարի ակնարկն ուղղակի տեղափոխվում է ներքաղաքական հարթություն, այսինքն գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները ներքաղաքական իրադարձությունների որոշակի դասավորությունների ֆեպքում կարող են խիստ անհրաժեշտ լինել Նիկոլ Փաշինյանի համար՝ զինված ուժերի նկատմամբ վերահսկողության կամ դրանց կիրառման նպատակով, և պետք է հանրության մեջ աստիճանաբար լեգիտիմացնել այդ կարգավիճակը:
Ինքը Փաշինյանն էլ կարծես դեմ չէ, որ իրեն ընդունեն որպես գերագույն գլխավոր, հատկապես երբ խոսքը վերաբերվում էր Արթուր Վանեցյանի ուսադիրներին: Գրպանային խորհրդարան, հլու հնազանդ դատական համակարգ, շուտով ուժային կառույցների քաղաքական վերահսկելի ղեկավարներ, եթե սրան նաև ավելացնենք գերագույն գլխավոր հրամանատարությունը, ապա էլ ի՞նչ է պակասում երջանիկ կյանքի համար:
Իսկ գուցե Արմեն Գրիգորյանը, շարունակելով քաղաքական թիմի կայուն ավանդույթները, ուղղակի կատարեց հերթական անհեռատես հայտարարությունը, որոնցից այդքան նյարդայնանում է Փաշինյանը: Դա էլ չի բացառվում: