Foto

Իրանի ԱԳ նախարարը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել ԱՄՆ-ի և Իսրայելի «աննախադեպ ռազմական հանցագործությունները»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին դատապարտել է երկրի արդյունաբերական ենթակառուցվածքների, խաղաղ միջուկային օբյեկտների և քաղաքացիական շրջանների վրա ամերիկա-իսրայելական սարսափելի հարձակումները՝ դրանք որակելով որպես ակնհայտ ռազմական հանցագործություններ. հայտնում է Tasnim-ը։

Արաղչին և նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդելատին շաբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան և դրա տարածաշրջանային ու միջազգային հետևանքները քննարկելու համար։

Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին պատմել է Միացյալ Նահանգների և Իսրայելի իրականացրած աննախադեպ ռազմական հանցագործությունների մասին, ներառյալ հարվածները Իրանի արդյունաբերական ենթակառուցվածքներին, խաղաղ միջուկային էներգետիկայի օբյեկտներին և քաղաքացիական թիրախներին, օրինակ՝ բնակելի թաղամասերին։

Նա ընդգծել է, որ բոլոր երկրները, հատկապես տարածաշրջանում, պատասխանատվություն են կրում խաղաղության ու կայունության պահպանման համար և պետք է ձեռնպահ մնան հարձակվողներին որևէ ձևով օգնելուց կամ աջակցելուց։ Իրանի արտաքին գործերի նախարարը նախազգուշացրել է, որ նման գործողությունները կարող են ունենալ լուրջ մարդկային և բնապահպանական հետևանքներ՝ շեշտելով միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներին միջազգային հանրության վճռական արձագանքի անհրաժեշտությունը։

Աբդելատին իր հերթին ընդգծել է դիվանագիտական ջանքերը շարունակելու և հակամարտության դադարեցմանը նպաստելու համար առկա ուղիներն օգտագործելու կարևորությունը։