Ֆրանսիայում բնակվող Huffington Post-ի հոդվածագիր, Եվրամիության և Փոքր Ասիայի հարցերով քաղաքական վերլուծաբան Լորան Լեյլեկիանը խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումների մասին նշել է.« Ես չեմ տեսնում որևէ ճեղքում բանակցություններում, քանի դեռ Մինսկի խումբը չի ստիպել կողմերին զիջումների գնալ...»: Այսինքն ի՞նչ է ստացվում. Մինսկի խումբը կարո՞ղ է հակամարտող կողմերին ստիպել ինչ-որ զիջումների գնալ: Իսկ թե ունի ԵԱՀԿ Մինսկի խումբն այդօրինակ իրավունք և մի շարք այլ հարցերի մասին Vesti.am-ը խոսել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
-Պարոն Բաբայան, Մինսկի խումբը կարո՞ղ է հակամարտող կողմերին ստիպել ինչ-որ զիջումների գնալ:
-Նման որակավորումներն առհասարակ ճիշտ չեն: Այդպիսի հայտարարություն կարող են անել շահախնդիր մոտեցման համար կամ պարզապես նյութին անծանոթ լինելով: Ինչո՞ւ պետք է Մինսկի խմբի համանախագահները «ստիպեն» ինչ-որ զիջումներ անել, չէ՞ որ նրանց ցանկությունն է հակամարտության կարգավորումը: Նրանք ցանկանում են խաղաղություն և որ կայունություն պահպանվի, քանի որ դրանք համամարդկային արժեքներ են և իհարկե դա բխում է այդ պետությունների ազգային շահերից ևս: Նրանք բազմիցս հայտարարել են՝ իրենք դատավորներ չեն, իրենք պարզապես միջնորդներ են և կողմերը սեփական կամքով պետք է գան ընդհանուր հայտարարի: Եթե «ստիպում են» պետք է լինի ինչ-որ շահ, այսինքն պետք է հասկանանք ինչի՞ համար ստիպել, հակամարտության կարգավորմա՞ն, թե՞...: Իսկ դա կնշանակի՝ ոչ թե կարգավորում , այլ պարտադրված որոշում: Իհարկե լավ կլինի, եթե կողմերը կամովին գան ընդհանուր հայտարարի, բայց դրան հասնելու համար դեռ երկար ջանք պետք է գործադրվի: Տեսանելի ապագայում դեռևս չի երևում համապարփակ կարգավորումը, բայց մյուս կողմից ոչ պակաս կարևոր խնդիր է խաղաղության և կայունության պահպանումը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչին նաև ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:
- Կրկին անդրադառնանք Լորան Լեյլեկիանի մեկնաբանությանը: Վերլուծաբանը նշել էր. «ԼՂՀ բանակցային գործընթացում կա թափանցիկության պակաս»: Ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:
-Թեև թեման շատ բարդ է, բայց չեմ կարծում, որ թափանցիկության պակաս կա: Թափանցիկության պակաս կզգացվեր այն դեպքում, եթե օրինակ իշխանությունները ժողովրդից թաքուն ինչ-որ բանակցություններ վարեն և ընդհանուր հայտարարի գան: Կամ, եթե միջնորդները ստիպեն, որպեսզի քաթաքուն պահվի բանակցությունների ընթացքը: Արցախի հարցում նման խնդիր չկա: Հնարավոր է ինչ-որ դետալներ լինեն, որոնք հրապարակման ենթական չլինեն, բայց դա այն դեպքում կլինի, երբ դեռ չի լինի վերջնական պայմանավորվածություն, ուստի ինչու՞ պետք է դրա մասին բարձրաձայնել: Նույն Ադրբեջանն այնքան թափանցիկ ձևով է իր դեստրուկտիվ քաղաքականությունը ներկայացում, որ կարիք չկա ինչ-որ բան քողարկել:
-Քաղաքագետների շրջանում ձևավորվում է այն կարծիքը, թե դժվար կլինի Արցախին տեսնել բանակցությունների սեղանի շուրջ: Ձեր կածքիով, այնուամենայնիվ հնարավոր կլինի մոտ ապագայում տեսնել Հայաստան-Արցախ- Ադրբեջան բանակցությունները մեկ սեղանի շուրջ:
-Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անխուսափելի է և առանց նրա անհնար է հասնել համապարփակ կարգավորման: Այլ հարց է, որ սա բարդ խնդիր է և երկար ժամանակ ու ջանք է պահանջում: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա, բայց դա չի նշանակում, որ մենք ևս պետք է հակված լինենք այդ մտքին: Արցախն իհարկե մաս կկազմի բանակցություններին, բայց դրա համար դեռ ժամանակ է հարկավոր:
-Ի՞նչ կարող ենք կանխատեսել ԼՂՀ բանակցություններում մոտ ապագայում:
-Այս պահին կարող ենք կանխատեսել միայն խաղաղության և կայունության պահպանում: Ակնկալել, որ կլինի ինչ-որ բեկում, շատ ու շատ վաղաժամ է այդ մասին բան խոսել:
Հարցազրույցը վարեց Թամարա Աբրահամյանը