Արցախյան հակամարտության կարգավորման վերջին իրադարձությունների ժուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել են ժողովուրդներին խախաղության նախապատրաստելու մասին: Ձեր կարծիքով ի՞նչ խաղաղության մասին է խոսքը:
-Թերևս այն խաղաղության, որը դրանից հետո անխուսափելիորեն տեղի ունենալիք և արդեն հաստատ Հայաստանի համար պարտություն երաշխավորող խաղաղության մասին է: Պատերազմը դեռևս չի ավարտվել, չկա ո՛չ կապիտուլիացիայի ակտ և ո՛չ հաշտության պայմանագիր: Իսկ դա նշանակում է, որ վերահաս խաղաղությունը լինելու է այն փաթեթի շրջանակներում, որը այսօր էլ բաանկցվում է: Այլ տարբերակ սեղանին դրված չէ: Եթե հայկական կողմը, հույսը դնելով Արցախի հավանության խնդրի վրա, բլեֆ է անում և որևէ զիջման չի գնալու, ապա դա վատ ուղի է: Բլեֆները իրական հետևանքներ են ունենում: Իսկ եթե պատրաստ է իր նախկիններից առավել քիչ հնարավոր զիջումները դարձյալ «փոխզիջում» որակել և որևէ տարածք հանձնել, ապա դա լրիվ անհասկանալի իրականություն է ստեղծում: Կարծում եմ՝ բացի բանակցողներից որևէ մեկը չգիտե, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը: Բայց ինչ էլ որ լինի՝ այսպիսի ձևակերպումներն այսպիսի կոնտեքստում՝ շատ վտանգավոր են թվում:
-Սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքները հայկական կողմին տանում են փակուղի և հայտնի է, որ միայն Ալիևի դիրքորոշման պատճառով դրանք դեռ չեն ստորագրվել (Սերժ Սարգսյանն էր ասում): Ձեզ կամ քաղաքագիտական շրջանակներին հայտնի՞ է մի այլ քննարկված փաստաթուղթ, որի շուրջ կարող է խաղաղություն լինել:
Ո՛չ: Ասեմ ավելին. այլ փաստաթուղթ չկա էլ: Մադրիդյանն է շարունակում մնալ սեղանին: Որևէ մեկը չի հայտարարել դրա անվավերության մասին: Իսկ առանց նման հրապարակային հայտարարությունների՝ նման երկարակյաց փաստաթուղթը խաղից դուրս չի գալիս: Հայաստանն իր հերթին, ինչպես մինչև Սերժ Սարգսյանի անկումը, այնպես էլ՝ արդեն նոր իշխանությունների օրոք հայտարարել է, որ քաղաքական առաջնահերթություն է Արցախի միջազգային կարգավիճակի ճշտումը, այսինքն՝ ճանաչումը: Իսկ դա նշանակում է, որ բացարձակ մի անարժեք բան՝ Արցախի կեղծ անկախության ճանաչման պահանջը շարունակում է Հայաստանի մոտեցման ամենակարևոր առանցքը լինել, որի դիմաց պետք է ինչ-որ մի բան անպայմանորեն վճարել: Մադրիդյան սկզբունքները հենց սահմանում են այս առևտրի ողջ մեխանիզմը:
-Նույնիսկ Մադրիդյան սկզբունքներում ամրագրված է փոխզիջումների անհրաժեշտությունը: Ադրբեջանը ի՞նչ փոխզիջումների է պատրաստ, երբ և որտե՞ղ է դրանց մասին հայտարարել:
-Ադրբեջանը շատ խելացի կվարվեր, եթե ճանաչեր Արցախի անկախությունը, դրա դիմաց ստանար Հայաստանի՝ իրենից ազատագրված տարածքները և հետո, արդեն հիանալի ելման դիրքերից՝ երաշխավորված հաղթանակով պատերազմ սկսեր՝ Ստեփանակերտը վերցնելու համար ևս: Ներադրբեջանակն տասնամյակների պրոպագանդան է, որ խանգարում է Ալիևին իր այդ մտադրությունն իրականացնել: Բացատրել ադրբեջանցիներին, որ խելացի մանևր է արևելու՝ Արցախը ժամանակավորապես հայկական կողմի տիրույթ ճանաչելու արդյունքում՝ անհնար է թվում: Բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի գնա այլ տիպի՝ ինչ-որ մասնակի ճանաչման զիջումների ճանապարհով: Ամեն անհեթեթություն կարելի է մոգոնել: Չէ՞ որ հայկական կողմը արդեն երկու և կես տասնամյակ տառապում է լիովին անհեթեթ ճանաչման մոլուցքով և դրանով բաց է պահում տրոյական ձիու դարպասը: Նախկինում եղել են աննախադեպ գյուտ-առաջարկներ. ընդհանուր պետություն, Մեղրու տարբերակ և այլն: Հիմա էլ մի բան կարող են մոգոնել: Այս ամբողջ գործընթացն այնքան անհեթեթ է եղել նախկինում, որ հիմա էլ՝ Մադրիդյան սկզբունքների կենդանության պայմաններում շատ դժվար չէ ինչ-որ մի բան հնարելը:
-Հայաստանի և Արցախի ղեկավարները հեղափոխությունից հետո բազմիցս հանդիպել են, բայց ոչ մի անգամ պաշտոնապես չեն հայտարարել, թե քննարկել են Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցը: Մյուս կողմից էլ վարչապետը հայտարարեց, որ լիազորված չէ Արցախի անունից շարունակել բանակցությունները: Հիմա ո՞ր հակամարտության կարգավորման մասին են բանակցել Փարիզում:
-Արցախը բանակցությունների կողմ չի դառնա: Լավ է, որ Փաշինյանը հայտարարեց, որ առանց Արցախի չի լինի ոչինչ, բայց, իհարկե բոլորն էլ հասկանում են, որ բանակցային կողմ Արցախը չի դառնալու: Դարձյալ մենք գնում ենք լարախաղացի ուղով. ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, հետո կասենք, որ Արցախում դեմ են, Երևանում դեմ է ժողովուրդը և իբրև թե դրանով փակուղի կմտցնենք: Բայց դա շատ լավ առիթ կլինի ադրբեջանի համար՝ ասելու, որ այլ տարբերակ այլևս իրեն չի մնում, քան ուժով «ազատագրել» իբրև թե իր Արցախը և հետն էլ ուժով կփորձեն «ազատագրել» իբրև թե իրենց «Էրիվանի խանությունը», որն իբրև թե հայերը «օկուպացրել են» վերջերս: Թե որ հակամարտության կարգավորման մասին է խոսք գնում՝ դժվար չէ կռահելը: Իդլիբի կամ Երուսաղեմի հարցերը չէ, որ քննարկում են Մամեդյարովն ու Մնացականյանը: Ամենամեծ հանելուկն այն է՝ թե ինչ է քննարկվում կոնկրետ և թե ինչու՞ դարձյալ այդ գործընթացը մտավ գաղտնիության ոլորտ:
-Արցախի հարցի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է համաժողովրդական քննարկման դրվի ոչ միայն Հայաստանում և Արցախում, այլև սփյուռքում: Այսօր կա՞ այնպիսի մեխանիզմ կամ գործընթաց, որ այդ քննարկումը կայանա: Առանց այդ քննարկմանը արտաքին գերատեսչությունը իրավունք ունի՞ քննարկել ապագա խաղաղության կոմպոնենտները:
-Նոր իշխանությունների մի կարևոր ներկայացուցիչ ասել էր, որ հանրաքվեի կդրվի: Հանրաքվեն Արցախի հարց լուծելու ամենավատ տարբերակն է: Այն կա՛մ բացարձակ միապետի պես պետք է պետության ղեկավարը լուծի, որպեսզի նաև անձնական պատասխան տա դրա համար, կա՛մ էլ պետք է ճանաչել, որ այդ խնդիրը ժողովուրդն արդեն լուծել է: Իսկ ինչու՞ ենք բանակցում: Ո՞վ է այսօր բանակցում նման թեմաներով: Իսրայելցիները Գոլանի շուրջ բանակցու՞մ են Սիրիայի հետ: Իսկ Երուսաղեմի շուրջ՝ պաղեստինցիների՞: Մերձդնեստրում կա՞ն ինչ-որ բանակցություններ: Անգամ Կուրիլների հարցով Ռուսաստանը չի ուզում խոսել Ճապոնիայի հետ: Հայաստանում ե՞րբ են հասկանալու, որ Արցախի հարց չկա: Ինչու՞ ենք ցեղասպանական քաղաքականություն մշակող թշնամուց ճանաչում մուրում: Ո՞վ է իր ազատագրած տարածքների շուրջ անհաշտ թշնամու հետ բանակցում: Ասացեք գեթ մեկ դեպք:
-Ի՞նչ ընդհանրություն եք տեսնում այս գործընթացի և «ֆուտբոլային դիվանագիտության» միջև:
-Ամենամեծ ընդհանրությունն այն է, որ մեր քաղաքական միտքը, եթե դա կարելի է միտք անվանել, տասնամյակներ շարունակ ծրագրավորվել է այնպես, որ գերագույն արժեքը ոչ թե սեփական շահն է, այլ՝ սեփական դեմքը: Որ այդ դեմքը գեղեցիկ, քաղաքակիրթ և անչափ բարի երևա դրսի գործընկերներին: Մյուս կողմից էլ՝ ամեն արտաքին ճնշում ներքուստ ընկալվել է որպես անդիմադրելի: Խորը, ոչ թե դասագրքային-համալսարանական, այլ՝ խորաթափանց մասնագիտական քաղաքագիտական և պատմագիտական գիտելիքների պակաս կամ ուղղակի բացակայություն կա Հայաստանում: Ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի պատմության ամենաամոթալի և ամենախայտառակ հանգրվաններից մեկն է, որ հենվում էր Սերժ Սարգսյանի տգիտության և արտաքին աշխարհին՝ մարտի մեկից հետո քծնելու մոլուցքի վրա: Դա շատ թանկ է դեռևս նստելու Հայաստանի վրա: Հիմա մենք ինչ-որ շփումներ ենք սկսել Ադրբեջանի հետ: Ինչու՞: Որևէ մեկը երբևէ բացատրե՞լ է թե ինչու՞ է անհրաժեշտ ինչ-որ պայմանավորվածության հասնել Ադրբեջանի հետ: Կամ այդ ինչու՞ է հենց Հայաստանը մտահոգ խնդրի «լուծմամբ», եթե խնդիրն ինքը լուծել է արդեն վաղուց: Ինչու՞ է պետք «փոխզիջումներով» խաղաղություն արձանագրել, եթե միևնույն է՝ դա հանգեցնելու է պատերազմի՝ ընդ որում՝ արդեն այդ պարագայում՝ հաստատ երաշխավորված պարտությամբ: Հայաստանի նոր իշխանությունները, կարծում եմ, նոր մոտեցումներ պետք է որդեգրեն: Հեղափոխությունն ամենաառաջին հերթին անհրաժետ էր հենց Արցախի հարցին Հայաստանի մոտեցումներում: Երբ «աղբը և լքված ավտոմեքենաների աղբ-կարկասները» հեռացվեն Արցախի հարցի մոտեցումներից, Հայաստանն իրոք կձերբազատվի մի ամոթալի ժառանգությունից, որ դեռ 1994-ին է ստեղծվել: