Foto

Գալիս ենք եզրակացության՝ սա ադրբեջանական խայծ է. Գոհար Իսկանդարյան

Երեկ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բաքվում հայտարարություն է արել, ասելով, որ սատարում է ադրբեջանական հողերի ամբողջականությանը: Մի քանի ամիս առաջ էլ նման հայտարարություն արվեց ՊՆ մակարդակով: Ի՞նչ է սա նշանակում, Իրանը փոխում է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս գործող ստանդարտների նկատմամբ, թե՞ դա ուղղակի հայտարարություն էր, որ արվել է: Միգուցե դա իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա է և մեզ ներկայացնում են սխալ թարգմանությամբ: Այս և մյուս հարցերի մասին Vesti.am-ը զրուցեց իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ:

Պետք է փաստեմ, որ շատ հաճախ ապատեղեկատվությունը փորձում է փոխել մարդկանց մտքերը և դրանք շեղում է իրականությունից: Այս դեպքում իրականաությունը կայանում է նրանում, որ ԻԻՀ միշտ էլ հայտարարել է, որ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը հարցը: Այլ հարց է՝ նրանք երբեք չեն նշել «տարածքային ամբողջականություն» ասելով ինչ նկատի ունեն: Իրանական կողմն այլ բան չէր կարող ասել, քանի որ իրենք էլ ունեն խնդիրներ, և եթե նրանք երբևիցէ մի օր հայտարարեն, որ ազգերի ինքնորոշման հարցն իրենց համար գերակա է, հաջորդ օրը մենք կտեսնենք, ինչպես Իրանում ապրող քրդերը, այնպես էլ Ատրպատականի նահանգը կփորձի անկախանալ: Այսինքն նրանք ունեն խնդիրներ, որոնք չեն ցանկանա սնուցել իրենց հայտարարություններով:

Հիմա ի՞նչ է կատարվել Ադրբեջանում: Նրանք պաշտոնական այցի ընթացքում արարողակարգային բնույթի հայտարարություն են արել, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այլ հարց է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն այդ տեքստում տեղադրել են Ղարաբաղի հատվածը, որպես Ադրբեջանի անքակտելի մաս և սա ռուսալեզու կայքերում տարածվել է: Մեր մամուլն էլ վերցրել է ու օգտագոծել առանց խորը ուսումնասիրելու՝ արդյո՞ք իրանական կողմը ման բան ասել է, թե՝ ոչ: Եթե մենք նայենք իրանական մամուլի ամենալուրջ գործակալությունները, նման հայտարարություն չենք տեսնի: Այսինքն գալիս ենք եզրակացության՝ սա ադրբեջանական խայծ է: Նրանց հաջողվել է ռուսալեզու աղբյուրների միջոցով տարածել նման տեղեկատվություն և ցավոք մեր լրատվական կայքերն օգտվել են այդ սուտ հայտարարություններից:

- Այսինքն մենք այս պահին գործ ունենք ապատեղեկատվությա՞ն հետ:

Այո, կարծում եմ՝ ադրբեջանական ԶԼՄ-ների աշխատանքի շնորքն է և նրանց հաջողվեց դա իրականացնել: Պարզապես մեր ԶԼՄ-ներին կոչ կանեի նման հայտարարությունների ժամանակ կամ դիմեն իրանագետների, ովքեր կարողանում են պարսկերեն կարդալ և կկարողանան ճիշտ ինֆորմացիա տալ կամ պարզապես զանգահարեն դեսպանատուն: Ի վերջո դեսպանատան լրատվական բաժինը կարող է ճշտել լուրի իսկությունը և ասել՝ այն համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ: Հակառակ դեպքում ստացվում է , որ մենք ադրբեջանական ջրաղացին ջուր ենք լցնում և իրենց ապատեղեկատվությունը մեր ձեքով տարածում, չէ որ Արցախի հարցում շատ զգայուն ենք: Այս պահի դրությամբ նորից կրկնում եմ՝ Իրանն ասել է այն, ինչ 20 տարի անդադար կրկնում է:


- Կարելի է ասել, որ իրանցի պաշտոնյաի հայտարարությունը կապ չունի Հայկ Կոնջորյանի երեկվա հայտարարության հետ: Ի՞նչ եք կարծում՝ այդ հայտարարությունն իրոք թյուրիմացություն էր, թե Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ձևավորվում է մի գործընթաց, որը կարող է փոխել հայ-իրանական վեկտորը, որը գոյություն ունի վերջին գրեթե երեք տասնամյակում:

- Վստահաբար կարող եմ ասել, որ Հայկ Կոնջորյանը պարզապես սխալվել է և նա իր ելույթում նշել է, որ դա սխալմունքի արդյունք է։ Դա իր կարծիքն է, այլ ոչ թե ֆրակցիայի: Յուրաքանչյուր մարդ ի վերջո սխալական է և ի պատիվ իրեն նա ընդունել է իր սխալը: Այստեղ մենք չենք կարող հավելյալ մեղք ավելացնել վերջինիս վրա: Ինչ վեաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ գոնե վարչապետի մակարդակով հայտարարվել է՝ արտաքին քաղաքական կուրսի փոփոխութուններ տեղի չեն ունենա: Այս կտրվածքով  չեմ կարող ենթադրել, թե սա պայմանավորած է և ինչ-որ մարտավարություն է իրականացվնում Իրանի հետ հայարաբերությունները վատացնելու համար, քանի որ դա չի բխում Հայաստանի շահերից: Ունենք չորս հարևան, որից երկուսի դռները փակ են, եթե փակում ենք նաև Իրանի դուռը՝ ի՞նչ ենք ունենում: Միայն Վրաստանի հույսին ենք մնում, որից կախված լինելն այդքան էլ շահեկան չէ ՀՀ -ի համար: Մենք պետք է ելքեր ունենանք: Կարծում եմ՝ տեղի ունեցածը շատ լուրջ խնդիր չի առաջացրել, որ հարկ լինի ՀՀ ԱԳՆ մակարդակով հայտարարություն տարածել: Մեր մասնագետները շատ արագ արձագանքնեցին և այդ հարցը, կարծում եմ շատ արագ, հարթվեց: