Foto

Ստամբուլում բացվել է Փարաջանովի ցուցահանդես

Ստամբուլի «Պերա» գեղարվեստական թանգարանում հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես է գործում, որը բացվել էր դեկտեմբերի 12-ին:

Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին մոտ 30 տարվա ընթացքում այդ ցուցահանդեսն ամենամեծն ու նշանավորն է:

«Մեզ համար այս ցուցահանդեսը շատ կարևոր է, քանի որ Ստամբուլում առաջին անգամ է Հայաստանի պետական թանգարանի ցուցանմուշներով ցուցահանդես բացվում»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ այն տևելու է մինչև 2019 թվականի մարտի 17-ը:

Տնօրենի խոսքով՝ միջոցառումը նախաձեռնել են թանգարանի սեփականատերերը:

«Ստամբուլի այդ թանգարանը մասնավոր է և պատկանում է մի մեծահարուստ ընտանիքի, և հենց իրենք էլ առաջարկել էին նմանատիպ ցուցահանդես կազմակերպել: Այն կոչվում է «Փարաջանովն ու Սարգիսը»: Սարգիսն ով արվեստագետ է, կոնցեպտուալիստ-նկարիչ, արմատներով Պոլսից է, սակայն այժմ  ապրում է Ֆրանսիայում: Նա շատ է սիրում Փարաջանովին»,- նշեց մեծանուն ռեժիսորի երևանյան թանգարանի տնօրենը:

Վերջինս ընդգծեց, որ «Պերա» թանգարանը 5-հարկանի է և 4-րդ հարկում Փարաջանովի ցուցահանդեսն է, իսկ 5-րդում Սարգիսը Փարաջանովին ու նրա «Սայաթ-Նովա» ֆիլմին նվիրված ինստալյացիա է արել:

parajanov-2

Թողարկվել է նաև մեծ կատալոգ՝ անգլերեն և թուրքերեն լեզուներով:

«Ցուցադրույթը շատ գեղեցիկ է ստացվել, այն իրականացրել է Թուրքիայի ամենանշանավոր ձևավորող-նկարիչներից մեկը: Երևանից 75 նմուշ ենք տարել Ստամբուլ, ինչն էլ վկայում է այն մասին, որ սա Փարաջանովին նվիրված ամենամեծ ցուցահանդեսն է, որ երբևէ արվել է: Բացի ցուցանմուշներից, թանգարանում տեղադրված է 40 էկրան, որոնց վրա ցուցադրվում են կինոռեժիսորի ֆիլմերը»,- պատմեց Զավեն Սարգսյանը և հավելեց, որ ցուցահանդեսն օրական 400 այցելու է ունենում:

Մանրամասները՝ «Արմենպրես»-ում