Վրաստանում այսօր ավելի քան 3700 ընտրական տեղամաս բացել է դռները: Վրաստանաբնակներն այսօր երկրորդ փուլով նախագահի ընտրությունների են մասնակցում՝ ընտրություն կատարելով Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոր Վաշաձեի միջև: Այդ մասին տեղեկացնում է «TАСС» գործակալությունը:
Նշենք, որ Զուրաբաշվիլիին աջակցում է իշխող ուժը՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, Վաշաձենին առաջադրել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը, որի հիմնադիրը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է:
Լրագրողների հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Աննա Միկելիձեն ասել է, որ բոլոր ընտրատեղամասերը բացվել են նույն ժամին, իսկ ընտրությունները խաղաղ են անցնում:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ 3703 ընտրատեղամասերից 55-ը գտնվում են Վրաստանից դուրս՝ թվով 30 տարբեր երկրներում: Ընտրության իրավունք ունեցողների թիվը 3.5 մլն է: Թեև ընտրատեղամասերը փակվելու են Երևանի ու Թբիլիսիի ժամանակով ժամը 20։00-ին, բայց արտերկրում գործող ընտրատեղամասերը գործելու են մինչև ժամը 24։00-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած ընտրություններից հետո հաղթող չէր եղել, քանի որ 25 թեկնածուներից ոչ մեկը քվեարկության ընթացքում չէր հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը: Լավագույն արդյունքներն արձանագրել էին Զուրաբիշվիլին ու Վաշաձեն, համապատասխանաբար 38.6 և 36.7 տոկոս:
Vesti.am