Հուլիսի 8-ին, Մոսկվայում կայացել է ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման և ամրապնդման խնդիրների լուծմանն ուղղված բիզնես-ֆորումը: Այն կազմակերպվել է Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ: Հայաստանի պատվիրակության ղեկավար Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է ֆորումի վերաբերյալ մի քանի հարցի:
-Ի՞նչ նպատակներ և սպասումներ ունեք այս ֆորումի հետ կապված, որ անցկացվում է Մոսկվայում:
Ֆորումը նվիրված է Տավուշի մարզի սահմանամերձ, սահմանապահ բնակավայրերի զարգացմանը: Մենք շահագրգիռ քննարկում ունեցանք, բավականին հետաքրքիր, լսեցինք նախինում եղած խնդիրների մասին, Հայաստանում առկա օրենսդրական խնդիրների մասին, որոնք նախկինում խոչընդոտել են ներդրումներին: Քննարկումներ եղան տարբեր հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների, որոնց անդրադառնալ ուղղակի չեմ ուզում: Մենք խոսեցինք նաև այն մասին, թե ինչ սպասումներ ունեն ֆորումի մասնակիցները ՀՀ կառավարությունից, լսեցինք ՀՀ կառավարության ուղերձը և հաստատակամությունը, որ Հայաստանում բիզնեսը և բիզնեսմեններն օրենքով պաշտպանված են և ՀՀ կառավարությունը երաշխավորում է նրանց բիզնեսի ապահովվածությունը:
-Կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել այսօր:
Պայմանավորվածությունները ելույթների տեսքով են եղել նախնական, քանի որ հոկտեմբերին Երևանում սպասվում է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպվող Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, հենց այդ ժամանակ էլ հավանաբար արդեն կունենանք գործնական արդյունքներ: Ես իմ տվյալներն եմ փոխանցել ֆորումի մասնակիցներին, պատրաստակամ եմ հանդիպել բոլոր այն գործարարների և բոլոր շահագրգիռ անձանց հետ, ովքեր ցանկություն կունենան իրենց լուման ներդնել Հայաստանի զարգացմանը: Ես անձամբ կհանդիպեմ նրանց հետ, կքննարկենք, կհասկանանք ինչպես ենք այն խոչընդոտներից ձերբազատվում, որոնք առկա են եղել:
-Խոսեցիք 8 նախագծի մասին, որոնք պետք է իրականացվեն մինչև 2025 թվականը, որոնցից մեկի դեպքում ներդրումների ծավալը կազմում է 1.6 մլն եվրո:
-Խոսքը վերաբերում էր ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորվող սոցիալական ծրագրերին, որի դեպքում Տավուշի մարզի սահմանապահ բնակավայրերի 50 տոկոսը գազի, լույսի և կոմունալ մի շարք այլ ծառայությունների դիմաց վճարում են 50 տոկոսը, մնացածը սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը:
Vesti.am