Foto

Ռուսաստանը հետևություններ է արել. Կոնստանտին Զատուլին

Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ հայտարարություն են ստորագրել՝ արձանագրելով, որ ղարաբաղյան համակարտության լարվածությանը նպաստող կոչերն անթույլատրելի են և կոնֆլիկիտի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։ Այդ մասին մարտի 26-ին, ՀՀ ԱԺ-ում ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Անդրադառնալով 2016-ի ապրիլյան պատերազմին, նա նշեց, որ այն «հրահրվել է կողմերից մեկի կողմից»։

«Հասկանում ենք, որ 2016-ին տեղի ունեցած գործողություններից հետո Հայաստանի հասարակության շրջանում եղան դժգոհություններ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, մասնավորապես, Ադրբեջանին պայմանագրով զենքի մատակարարման առումով։ Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում չեն գտել մեկ այլ ձև դա օգտագործելու, քան հակամարտության գոտում այն գործածելը՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ Մենք, հավատացեք, տարածաշրջանում սպառազինության մատակարարման հավասարակշռության խախտման հետ կապված հետևություններ ենք արել և Հայաստանին է մատակարարվել ամենաժամանակակից սպառազինությունը»,-հայտարարեց Կոնստանտին Զատուլինը։

Ռուս պաշտոնյան ընդգծեց, որ ինքը հայ-ռուսական պատմական կապերի կողմնակիցն է:

Նա նաև մաղթեց, որ Հայաստանը խորհրդարանական կառավարմանն անցնելու գործընթացը հաջողությամբ իրականացնի:

Ասուլիսի մյուս բանախոս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ հավելեց, որ ռուս գործընկերներին հայկական գորգագործության առանձնահատկություններին են ծանոթացրել: Նա նշեց, որ հատկապես ցույց են տվել, թե ինչով է տարբերվում հայկական գորգային հանգույցը այլ հանգույցներից և համոզել են, որ այն չի քանդվում:

«Մեր ցանկությունն է, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային երկխոսությունը լինի հայկական գորգերի հանգույցի նման և չքանդվի»:

Vesti.am