Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ավարտին մոտեցավ «Գրանդ Սվիս 2025» շախմատի մրցաշարը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Տղամարդկանց մրցաշարին մասնակցեցին 33 երկրների 116 ուժեղագույն շախմատիստներ:
Լարված պայքարի արդյունքում 2026 թվականի հավակնորդների մրցաշարում մասնակցության իրավունք ստացան 8 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրած Անիշ Գիրին (Նիդերլանդներ) և 7.5 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մաթիաս Բլյուբաումը (Գերմանիա):
Հայ շախմատիստների արդյունքները՝ 11 խաղափուլից հետո.
Շանթ Սարգսյան՝ 6.5 միավոր
Արամ Հակոբյան՝ 6 միավոր
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 5.5 միավոր
Գաբրիել Սարգսյան՝ 5 միավոր
Հայկ Մարտիրոսյան՝ 5 միավոր
Շանթ Սարգսյանը զբաղեցրեց մրցանակային 20-րդ հորիզոնականը և 14,1 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:
Արամ Հակոբյանը զբաղեցրեց մրցանակային 30-րդ հորիզոնականը և 13,3 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:
Կանանց մրցաշարին մասնակցեցին 26 երկրների 56 ուժեղագույն շախմատիստուհիներ:
Կանանց հավակնորդների մրցաշարում մասնակցության իրավունք ստացան 8 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրած Վաիշալի Ռամեշբաբուն (Հնդկաստան) և նույնքան միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Եկատերինա Լահնոն (ՖԻԴԵ):
Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց մրցանակային 18-րդ հորիզոնականը։
Լիլթ Մկրտչյանը վաստակեց 4.5 միավոր։