Թուրքիան աշխարհում դարձավ առաջին երկիրը, որն արգելափակել է արհեստական բանականությամբ աշխատող օգտահաշիվների հասանելիությունը։ Իլոն Մասկի «xAI» ընկերության կողմից մշակված «Grok» ծառայությունն արգելափակելուց հետո Թուրքիան արգելափակման է ենթարկել նաև «Perplexity AI» ընկերության «Ask Perplexity» օգտահաշիվը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը, որը պետական մարմիններին հնարավորություն է տալիս ազգային անվտանգության և հանրային կարգի պահպանման նպատակով կիրառել նման միջոցներ։ Որոշման իրավական մանրամասները դեռևս ամբողջությամբ հայտնի չեն, իսկ X հարթակը տեխնիկական քայլեր ձեռնարկելու փուլում է։
Տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզն ընդգծել է, որ Թուրքիան առաջին երկիրն է, որը ամբողջությամբ փակել է «Grok»-ի հասանելիությունը՝ այսպիսով ձևավորելով նախադեպ Թուրքիայի թվային քաղաքականության համար։