Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում քննարկել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական հատուկ գործողությունը։ Էրդողանը դժգոհություն է հայտնել «Ձիթենու ճյուղ» գործողությունը դատապարտող հայտարարությունների կապակցությամբ՝ դրանք անվանելով «անհիմն հայտարարություններ»։
Ըստ նրա՝ Թուրքիան, Աֆրինում ռազմական գործողություն իրականացնելով, լուծում է իր ազգային անվտանգության հարցը։ Բացի այդ Էրդողանը պնդել է, որ Թուրքիայի զինված ուժերն ապահովում են Աֆրինի բնակչության անվտանգությունը։ Երկու նախագահները նաև քննարկել են Միջերկրական ծովում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Թուրքիայի կողմից գազի հորատման աշխատանքների մասին, որոնց դեմ են Հունաստանը և Կիպրոսի Հանրապետությունը՝ դրանք անօրինական համարելով։ Քննարկվել է նաև Վառնայում մարտի 26-ին տեղի ունենալիք Եվրամիություն-Թուրքիա համաժողովին վերաբերող մի շարք հարցեր: