Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը չէր կարող բերել գնաճի, մինչդեռ չեղարկումը կբերի 16,7 մլրդ դրամի ճեղքվածք: Այդ մասին «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց հարակից զեկուցող, տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, թե հունվարի 1-ից վառելիքի որոշ տեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացվել են, մինչդեռ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գները ոչ թե հունվարի 1-ից են թանկացել, այլ՝ 2017թ. առաջին կիսամյակից՝ սեպտեմբերից:
«Սեղմված գազով հիմնականում ուղևորափոխադրումներ են կատարվում, բայց մատուցվող ծառայության գները չեն փոխվել, և դժվար է պնդել, որ այդ թանկացումներն իրենց հետևից կբերեն գների բարձրացում: Բենզինի գները նույնպես բարձրացել են, բայց բենզինով որևէ ծառայություն չի մատուցվում, և բացառապես անհատների համար է բեռ առաջացել, ուստի գների աճի վրա էլ չի կարող ազդեցություն ունենալ»,-ասաց նա: