Հայաստանում գներն աճել են ոչ թե 2,6 տոկոսով, ինչպես պնդում է Կառավարությունը, այլ 21,9 տոկոսով: Այդ մասին փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագիծը ներկայացնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Հունվարի հենց առաջին տասնօրյակում ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ բենզինի թանկացումը 15 տոկոսով, դիզվառելիքի թանկացումը 15 տոկոսով, սեղմված գազի թանկացումը 15 տոկոսով պայմանավորված է ակցիզային հարկի նոր դրույքաչափերով»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 1-ից առաջ արդեն բենզինը և դիզվառելիքը թանկացել էին 18 տոկոսով:
Ըստ պատգամավորի՝ մինչև հիմա էլ հասկանալի բացատրություն չկա, թե որն է ի վերջո գների բարձրացման պատճառը: Նրա խոսքով՝ միշտ բերվում է միջազգային գների աճի ազդեցությունը:
«Չի կարելի ասել, որ միջազգային գների բարձրացումը դեր չունի, բայց այստեղ գործ ունենք նաև ակցիզային հարկի բարձրացման հետ: Իսկ մինչև հունվարի 1-ի թանկացումը կապված է եղել գնաճային սպասումների հետ. մարդիկ մտածել են՝ մեկ է, ակցիզային հարկը բարձրանալու է, ի՞նչ տարբերություն նոյեմբերից կթանկացնենք, թե հունվարից: Սա կապված է նաև ընտրակաշառքները հետ հավաքելու գործընթացի հետ: Բոլոր ընտրություններից հետո էլ գնաճ է գրանցվում»,-կարծում է Փաշինյանը:
«Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով՝ նախորդ լսումների ժամանակ էլ Ազգային վիճակագրական ծառայությունը ցուցանիշներ էր հրապարակել։
«Ես դա կոչում եմ գնաճային ճոճանակ: Հրապարակել էին 20 անուն թանկացած ապրանքների ցանկ, և 20 անուն էժանացած ապրանքների ցանկ, կշռելով ստացել էին, որ գնաճը 2,6 տոկոս է,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ իրենք գնացել են խանութ և ԱՎԾ-ի հրապարակած ցուցակի ապրանքների գնումներ են իրականացրել հին գնով և նոր գնով։ -Ստացել ենք, որ գնաճը 21,9 տոկոս է: Ամենաշատն սպառվող 24 ապրանքներից 14-ի գծով տեղի է ունեցել գների աճ, 6-ի դեպքում՝ նվազում»,-ասաց նա:
Vesti.am