Foto

Հարված երկրի հեղինակությանը կամ ՍԱՊԾ-ն` անգործության մեջ

Ռուսաստանում` Ռոստովում, «Россельхознадзор»-ը Հայաստանից արտահանված շուրջ 22 տոննա լոլիկ է ոչնչացրել. մասնագիտացված լաբորատորիայում նմուշառված գյուղմթերքում հայտնաբերվել է կարանտինային վտանգավոր՝ վնասատու հարավամերիկյան ցեց:

Թե ինչ է անում բավական էկզոտիկ ծագումնաբանություն ունեցող ցեցը մեր արդար հողում աճած լոլիկում, իհարկե, գիտնականների հարցն է, սակայն այն, որ  հայաստանյան ՍԱՊԾ-ն,  իր իսկ խոսքերով,  բանից անտեղյակ է, չի կարող լրջագույն հարցեր չառաջացնել: Չտիրապետելով հարցին վերաբերող որևիցե տեղեկատվության՝ Հայաստանի ՍԱՊԾ-ն դիմել է Ռուսաստանին` պարզելու խնդրի էությունը, հասկանալու`ի՞նչ է կատարվում, ինչու՞ է նման մեծաքանակ լոլիկը ոչնչացվում:

Այս տհաճ միջադեպը յուրատեսակ ինդիկատոր կարող է հանդիսանալ` օբյեկտիվ պատկերացում կազմելու Հայաստանի ՍԱՊԾ-ի, երկրում սննդի անվտանգության հարցերով թիվ մեկ պատասխանատու կառույցի, աշխատանքի որակի մասին: Տեսնես, եթե այդ լոլիկը չարտահանվեր Ռուսաստան, այլ սպառվեր հայկական շուկայում, ինչ էր լինելու մեր վերջը, արդյոք «ցեցի բաժին» չէինք դառնալու: Պետք է խոստովանել, որ  այս դեպքից տուժելու է մեր երկրի վարկանիշը՝ նախևառաջ ԵԱՏՄ շրջանակներում: Եվս մեկ-երկու նմանատիպ միջադեպ, և Հայաստանը կարող  է արժանանալ «անվստահելի արտահանող»  տիտղոսին` մեր երկրի տնտեսության համար դրանից բխող բոլոր վատ հետևանքներով: Համաձայնե՛ք, մի բան է գործ ունենալ վերահսկողական վստահելի մարմիններ ունեցող երկրի հետ, և բոլորովին այլ բան` մի պետության, որտեղից արտահանվող սննդամթերքը կարող է մարդկանց կյանքի համար վտանգավոր լինել: Առանց այն էլ արտահանածներս լոլիկ ու մուրաբա է, եթե դա էլ չենք կարողանում անել, էլ ո՞ր միջազգային գործընկորջն ենք պետք:

Այս դեպքն, ինչ խոսք, պետք է ահազանգ դառնա ՍԱՊԾ-ի համար ու ստիպի այս կառույցին վերանայել սեփական գործելաոճը: Անթերի պետք է գործել ոչ միայն այս կամ այն օլիգարխին վերևներից եկած հրամանի համաձայն «պորտատեղադրելու» մղումից ելնելով…

 

Հրանտ Դալլաքյան