Պարզվում է` հարկայինը Հայաստանի քաղաքացիների համար մի նոր փորձանք է մոգոնել: Դժվար է ասել` հատկապես ինչն է ներշնչման աղբյուր հանդիսացել, սակայն փաստ է, որ 2018-ի հունվարի մեկից ուժի մեջ մտնող ՀՀ Հարկային օրենսգիրքը ևս նվեր չի լինելու բնակչությանը. օրենսգրքի 147-րդ հոդվածի 16 կետի ա) և 150-րդ հոդվածի 10-րդ կետի 1) ենթակետերով սահմանվել է, որ եթե քաղաքացին անձնական օգտագործման ավտոմեքենան օտարում է ձեռք բերելուց հետո 3 ամսվա ընթացքում, ապա պետք է վճարի 10% եկամտային հարկ: Նույն հոդվածներով սահմանվել է նաև, որ եթե քաղաքացին անշարժ գույքն օտարում է ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում, ապա նույնպես պետք է վճարի 10% եկամտային հարկ: Փաստորեն` մի կողմից իբր հրաժարվել են ԱԱՀ գանձելուց, մյուս կողմից, սակայն, ԱԱՀ–ի տրամաբանությունն ու ոգին պահպանել են:
Ենթադրելի է, որ հարկայինի պաշտոնյաներն օրենքի այս վիճելի դրույթը պատճառաբանելիս, հիմնավորելիս ու նույնիսկ որպես ազգի փրկության համար գերանհրաժեշտ պայման համարելիս որպես իրենց տեսակետի հիմնավորում մատնացույց են անելու բյուջեն ամեն գնով լցնելու հայերիս համազգային առաքելությունը: Իբր մի ասա` ինչ է տվել քեզ պետությունը, այլ ասա` ինչ ես դու տվել երկրիդ: Իհարկե Քենեդու տրամաբանությունը միանգամայն ողջունելի է ու ընդունելի, սակայն Հայաստանը վաղուց պատկանում է այն երկրների շարքին, որտեղ այդ խոսքերի բուն իմաստը հասկանալու համար պետք է այն մի փոքր ձևափոխել` մի ասա` ինչ ես տվել պետությանն, այլ ասա` ինչ է այն տվել քեզ: Սա Հայաստանի համար, կարծում ենք, այն իդեալական ասույթն է, որի հետ նույնիսկ հարկայինի տղերքը չեն կարող չհամաձայնել…
Ըստ երևույթին` ԱԱՀ գանձելու մասին դրույթի ձևական վերացումը մեկ նպատակ է ունեցել. ցանկացել են փոքրիկ «փիառ» ակցիա կազմակերպել հենց օրենսգրքի շրջանակներում ու ցույց տալ, որ պետությունը, իրոք, մտածում է իր քաղաքացու մասին: Արդյունքում ստացվել է է՛լ ավելի տգեղ մի բան, որից կրկին ու կրկին տուժելու է շարքային քաղաքացին, մինչդեռ հարկայինում շարունակելու են բավական բարձր աշխատավարձ ստանալ:
Կներե՛ք, իսկ ո՞վ պետք է մտածի հարկայինի աշխատակից չհանդիսացող մյուս բոլոր քաղաքացիների մասին. չէ՞ որ նրանք էլ լավ ապրելու իրավունք ունեն, թե՞ չունեն…
Հրանտ Դալլաքյան