Foto

Մոսկվան, այնուամենայնիվ, չի խոչընդոտի և ահա թե ինչու

Սովորաբար, երբ խոսք է լինում Հայաստան-Արևմուտք, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից, հիմնականում հնչում են կարծիքներ, որ դրանք միմյանց հակասող, հակոտնյա երևույթներ են: Ընդ որում, այս տեսակետը հիմնավորելու ճանապարհին որպես առաջին փաստարկ բերվում է աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական մրցակցային մթնոլորտը, որն ուղղակի տեղ չի թողնում ուժային բևեռներին միմյանց միջև կառուցողական հարաբերություններ զարգացնելու համար: Կարճ ասած, Հայաստանի նկրտումները` իբր Արևելքի ու Արևմուտքի միջև երկխոսության հարթակ դառնալու, անհույս են ու հակագիտական:

Բայց արդյոք ամեն բան հենց այդպե՞ս է, ինչպես ընկալվում է մեծամասնության կողմից, և արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է միմիայն պարզունակ խանդ զգալ` Հայաստանի ու զարգացած աշխարհի միջև հարաբերությունների խորացման ինչ-ինչ նշույլներ տեսնելով: Իրականում, ամեն բան այնքան էլ միանշանակ չէ և ահա թե ինչու:

Բանն այն է, որ ներկայումս ՌԴ տնտեսությունն իր լավագույն օրերը չէ, որ ապրում է. հիմա առավել քան երբևէ ՌԴ տնտեսությունն արտարժույթի կարիք է զգում, ինչը պայմանավորված է արևմտյան պատժամիջոցներով: Ասել կուզի` տնտեսական կոլապս թույլ չտալու համար Մոսկվան կարիք ունի երրորդ երկրների, որոնք  կարող են դառնալ արտարժույթի միջնորդավորված աղբյուրներ: Այս տեսանկյունից Հայաստանի ներկա փորձերը` Արևմուտքի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու, Մոսկվային ձեռնտու է, քանի որ այդ պարագայում նույն Հայաստանից Ռուսաստան գնացող արտարժույթի ծավալները կարող են էական աճ գրանցել: Հայաստան-ԵՄ հարաբերությունների չափավոր սերտացումն իրականում կարող է ոչ միայն չհակասել ՌԴ շահերին, այլև, ընդհակառակը, նպաստել ՌԴ տնտեսության զարգացմանը: Ինչ վերաբերում է հարցի աշխարհաքաղաքական ասպեկտին, ապա  անվիճելի է, որ ՌԴ ազդեցությունը Հայաստանի կյանքում այնքան խորքային է ու մասշտաբային, որ ոչ մի ԵՄ, ոչ մի Ճապոնիա կամ Չինաստան ու Ամերիկա չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել: Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրն առաջիկայում, այնուամենայնիվ, կստորագրվի, մանավանդ, որ, ինչպես Սերժ Սարգսյանն էր իր խոսքում նշել, այն որևիցե կերպ չի հակասում Հայաստանի` ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորությւնների կատարմանը: Ռուսներն էլ են շատ լավ հասկանում, որ այսօր Ռուսաստանը բնավ էլ ինքնաբավ երկիր չէ ու չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսությունը դոլարիզացված է: Հետևաբար, այսպես թե այնպես, Ռուսաստանն ունի Արևմուտքի կարիքը, դոլարն ու եվրոն ուղղակի անհրաժեշտ են այդ երկրին, իսկ ներկա պայմաններում այդ խնդիրը լուծելի է դառնում միջնորդ երկրների միջոցով, որոնցից մեկն էլ Հայաստանն է:

Հրանտ Դալլքայան