Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը սպասվում է 2026-ի առաջին կեսին․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրելուն պես մենք ևս արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։
Երկու նկատառում․
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորել հայ-ադրբեջանական գործընթացով։ Մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, հայ-թուրքական հարաբերություններում էական առաջընթաց չի լինելու։ Ի դեպ, այս մասին հանգամանալից խոսել եմ իմ նախորդ գրառման մեջ:
Մնում է հարց․ որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի։ Բաքուն դրա համար պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, ինչը ոչ իրավական ընթացակարգերով, ոչ քաղաքական կոնսենսուսով հնարավոր չէ իրականացնել այդ ժամկետում։
Ըստ այդմ, Ֆիդանի հայտարարությունն ավելի շատ լավատեսական կանխատեսում է, քան պնդում, որը փաստական հենք ունի»,- գրում է նա։