2018 թվականի բյուջեի նախագծով եկամուտները պլանավորվում են 1 տրիլիոն 307 միլիարդ դրամի շրջանակներում, ծախսերը՝ 1 տրիլիոն 464 միլիարդ դրամի շրջանակներում, հետևաբար, բյուջեի դեֆիցիտը 2018 թվականին կկազմի 156.8 միլիարդ դրամ:
Նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ այդ թվերից երևում է, որ ունենք մոտավորապես 97 միլիարդ դրամի ավելացում, իսկ ծախսերն ավելանում են մոտ 104 միլիարդ դրամի չափով:
«Ընթացիկ տարվա հետ համեմատած՝ ծախսերը մի փոքր ավելի շատ են աճում, քան եկամուտներն են պլանավորում: Եկամուտների կառուցվածքում էական փոփոխություն չի նախատեսվում»,-ասաց բանախոսը՝ հավելելով, որ բյուջեի 90-95 տոկոսն ապահովելու է ներքին աղբյուների հաշվին:
Ծախսերի վերաբերյալ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ այդտեղ ևս արմատական փոփոխություններ չկան:
Տնտեսագետի խոսքով, հաջորդ տարվա բյուջեով կենսաթոշակների չափը մնալու է անփոփոխ, սակայն, նա կարծում է, որ աղքատության ֆոնին սոցիալական ոլորտին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի և կենսաթոշակներն էլ բարձրացվեն:
Հաշվի առնելով բյուջեի թվերը, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ 2018-ի տնտեսությունից կտրուկ շրջադարձային փոփոխություններ չարժե ակնկալել:
Vesti.am