Foto

Արծվիկ Մինասյանը փորձում է փրկել եղա՞ծը…

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է արգելել որոշ գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է կառավարության արձանագրային որոշում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման համար արգելված գոտիների և գետերի ցանկը հաստատելու մասին: Այս նախագծով արգելվում է ՀԷԿ-ի կառուցումը Գավառագետի, Ծակքարի, Լիճքի, Մասրիկի և էլի մի քանի գետերի վրա, քանի որ գետերի վրա ՀԷԿ-երի կառուցումը վտանգում է շրջակա միջավայրին, կենսաբազմազանությանը, իսկ գյուղացիները զրկվում են ոռոգման ջրից: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Դեբեդ գետի վրա 33 փոքր ՀԷԿ է գործում, Աղստև գետի վրա 23 ՀԷԿ է կառուցված, չորս փոքր ՀԷԿ էլ Ախուրյան գետի վրա կա: Մեղրի գետի վրա 8 փոքր ՀԷԿ կա, Ողջի գետի ավազանին՝ 14, Սևանա լճի ջրերով էլ 11 ՀԷԿ է աշխատում: Հինգ փոքր ՀԷԿ Որոտան գետի վրա է գործում: Այս ցանկը շարունակելի է: Մեր հանրապետության միայն 11 գետերի վրա միասին վերցրած 115 փոքր ՀԷԿ է գործում: Եթե զարգացած երկրներում խրախուսվում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ դրանք դրական ազդեցություն են թողնում կլիմայի փոփոխության վրա, Հայաստանում փոքր ՀԷԿ-երը ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում՝ խախտելով էկոհամակարգի հավասարակշռությունը, «նպաստում» անտառների, ջրային ռեսուրսների կորստին, խթանում սողանքները, վերացնում կենսաբազմազանությունը: Այս տեսանկյունից նախարարության որոշումը թեև փոքր ինչ ուշացած է, այնուամենայնիվ միանշանակ դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի աղետալի վիճակի քիչ թե շատ բարելվման վրա: Փոքր ՀԷԿ-երը գործում են առանց սահմանափակման` օգտագործելով գետի առավելագույն ջրի հոսքը, այսինքն` հիմնականում գետի ամբողջ ջուրն ուղղվում է կայանի աշխատանքին, պատճառ դառնալով գետի էկոհամակարգի կործանմանը: Օրինակ` Եղեգիս գետը 3 տարվա ընթացքում փոխել է իր կազմը: ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն` գետի ստորին հատվածներում կարմրախայտ էնդեմիկ ձկնատեսակն արդեն անհետացել է: Պատճառը գետի վրա գործող ՓՀԷԿ-ներն են, որոնց համար 12 լիցենզիա է տրվել: Մի՞թե սա մտահոգվելու առիթ չէ…

ՓՀԷԿ-երի նախագծերը կազմելիս չի ուսումնասիրվում տեղանքի կենսաբազմազանությունը: Օրինակ, «Կարա-Կայա» ՓՀԷԿ-ի վերազինման նախագծում ՓՀԷԿ-ի տարածքի բուսական և կենդանական աշխարհը նկարագրված չէ։ Իսկ «Գնդեվանք» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծում օգտվել են, միայն պատկերացրեք, գրական աղբյուրներից: ՀԷԿ-երի անօրինական կառուցումը նպաստել է նաև անտառահատումների ավելացմանը, քանի որ ՀԷԿ-երը հաճախ կառուցվում են անտառային տարածքներում: ՓՀԷԿ-երը կառուցվում են հատուկ պահպանվող տարածքներում, ինչը հակասում է Բնապահպանական օրենսդրությանը։ «Արփա-3» և «Աչաղբյուր-2» ՓՀԷԿ-երի նախագծերը հակասում են «Բնության պահպանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը»: Մինչդեռ այդ ՀԷԿ-երը կառուցված են հենց այդպիսի վայրում: Սա նույնպես պատշաճ ուշադրության չի արժանացել պատկան մարմինների կողմից: Արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք…

Ինքնին բնապահպանության նախարարի որոշումը դրական է և ողջունելի, այլ հարց է թե ինչպե՞ս է Մինասյանը պատրաստվում կյանքի կոչել իր որոշումը: Արդյո՞ք նախարարությունում պատկերացնում են մեխանիզմները և ունեն անհրաժեշտ գործիքակազմը, որով այս որոշումն իրականություն կդառնա: Այս առումով բավականին երկակի իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից հասկանալի է, որ բնապահպանության նախարարությունն այսպես փորձում է կանխել ՀԷԿ-երի առատության հետևանքով սպասվող բնապահպանական հնարավոր աղետը, բայց միաժամանակ նաև «կանաչ լույս է վառում» գործող ՀԷԿ-երի համար, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, և եղած ՀԷԿ-երը չեն փակվի: Այսօր Հայաստանում գործում է 144 ՓՀԷԿ, 80 ՀԷԿ-ի լիցենզիա տրված է և ևս 130 ՀԷԿ-ի կառուցում հաստատված է ՀՀ Էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգում: Այս ոլորտում բիզնես անող գործարարների համար արտադրանքը վաճառելու հաստատուն երաշխիքներ տրված են օրենքով, այն էլ` բարձր գներով: Ինչպե՞ս են վարվելու արդեն իսկ լիցենզավորված սուբյեկտների հետ: Այս մասին նախարարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի ներկայացրել: Բայց առաջին քայլը կատարված է, և դա հույս է ներշնչում է որ ի վերջո փոքր ՀԷԿ-ի շահագործումից առաջացած խնդիրներն իրենց լուծումը կստանան:

Լիաննա Ավետյան