Ճիշտ է`ոչ ոք առանձնապես միամիտ չէ մեզանում, որպեսզի կարծի թե այս կամ այն միջազգային մոնիթորինգային կազմակերպությունների կողմից հրապարակվող տարեկան զեկույցները կարող են լիարժեքորեն արտահայտել այն ռեալ տնտեսական իրավիճակը, որ այժմ տիրում է Հայաստնում, քանի որ այդ կազմակերպությունների առաքելության հիմքում իրականում շատ ավելի խորքային դրդապատճառներ կան ընկած, քան ասենք, Լաոսի ժողովրդին սեփական հայրենիքի մասին վիճակագրական տվյալների մատակակարումն է, սակայն, այն, որ այդ կազմակերպություններից մի քանիսի կողմից Հայաստանի վերաբերյալ հրապարակվող որոշ ցուցանիշներ երբեմն-երբեմն առիթ են տալիս հայրենի չինովնիկներին գլուխ գովալ, հայտնի փաստ է:
Մասնավորապես, օրերս հայ չինովնիկների կողմից ամենասիրված միջազգային մոնիթորինգային կազմակերպություններից մեկի` «Doing Business»-ի կողմից հրապարակվել է համապատասխան ուսումնասիրություն, որից պարզ է դառնում, որ Հայաստանում բիզնես սկսելու ու այն հաջողությամբ վարելու համար անհրաժեշտ մթնոլորտը գնալով փչանում է. ըստ «Doing Business»-ի` նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանը 9 հորիզոնականով զիջել է իր դիրքերը` նախորդ տարվա 38-րդ տեղից իջնելով ու այս տարի հայտնվելով 47-րդ տեղում:
Համաձայնե՛ք, նման պատկերը գուցե ավելի ընկալելի լիներ ու ոչ անսպասելի, եթե այն հույ-բույը, որ իշխող է Կառավարության գործելաոճում հենց սկզբից, մի փոքր ավելի նվազ լիներ, իսկ խոստումներն էլ` իրատեսական:
Այս ամենի համատեքստում չենք կարող չհիշատակել հատկապես Սերժ Սարգսյանի` «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցը, որտեղ երկրի նախագահը խոսել էր առաջիկայում ակնկալվող ներդրումների մասին. Սարգսյանը հայտարարել էր, թե մոտ 1 մլրդ դոլարի ներդրումներ են սպասվում Հայաստանում՝ հատկապես էներգետիկ ոլորտում: Ճիշտ է, թիվը բավական ախորժալի է թվում գոնե հեռվից, սակայն բնական հարց է առաջ գալիս` արդյոք այդ միլիարդը Հայաստանի ներդրումային պոտենցիալի գագա՞թն է, թե՞ այն նվազագույնը, որին ընդունակ է մեր երկիրը: Դիցուք` եթե նույն «Doing Business»-ի աղյուսակում ՀՀ-ն ոչ թե գրանցեր զգալի հետընթաց, այլ առաջընթաց ունենար, բիզնեսի համար ավելի բարենպաստ միջավայր ապահովեր, արդյոք իրավունք չէի՞նք ունենա ակնակլելու ավելին, քան միլիարդն է: Չէ՞ որ փողը հոսում է այնտեղ, որտեղ համապատասխան պայմաններ ու միջավայր կա: Հետևաբար, եթե մենք շոուներ սարքելու փոխարեն գործով զբաղվեինք ու միջավայր ստեղծեինք, ապա այդ 1 միլիարդն այսօր մեզ համար էական թիվ չէր համարվելու, իսկ երկիրն էլ այսաստիճան ծանր վիճակի չէր հասնելու:
Ճիշտ է, «Doing Business»-ը չէ, որ շարքային քաղաքացիների շրջանում պետք է համապատասխան կարծիք ձևավորի (երանի թե իրոք աշխարհում 47-րդը լինեինք), սակայն միայն այն, որ Հայաստանի զգալի անկման մասին սկսում է բարձրաձայնել անգամ այս կազմակերպությունը, անկասկած, չի կարող մտածելու տեղիք չտալ: Ի դեպ` տարվա բարելավվողների ցանկում ռեկորդակիր է դարձել Ուզբեկստանը, որտեղ, պարզվում է, աշխարհում լավագույն միջավայրերից մեկն է ստեղծվել` բիզնես սկսելու ու այն հաջողությամբ վարելու համար:
Իսկ այս ամենը նշանակում է մեկ բան` առնվազն արտաքին ներդրումների առումով Հայաստանը հայտնվելու է անբարենպաստ իրավիճակում, քանի որ դրսի գործարարներն ինչ-որ երկրում գործ սկսելուց առաջ նախ ծանոթանում են նմանօրինակ ուսումնասիրությունների արդյունքներին ու հետո միայն վճռորոշ քայլ կատարում: Այնպես որ, այս ամենին պետք չէ մատների արանքով նայել, քանի որ հենց նման կազմակերպությունների ուսումնասիրություններն են, որ աշխարհում այս կամ այն երկրի մասին կարծիք են ձևավորում:
Հրանտ Դալլաքյան