Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստում անդրադարձավ գործարարությամբ զբաղվելու 2018 թվականի զեկույցի արդյունքներին:
«Համաշխարհային բանկը հրապարակել է գործարարությամբ զբաղվելու 2018 թվականի զեկույցը: Այն ցույց է տալիս, որ գնահատման ժամանակ արձանագրվել է 9 կետով նահանջ, թեև զեկույցում դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում մենք արձանագրել ենք 0.59 կետով փաստացի աճ: Երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլև նույն տեղում մնալու համար: Միևնույն ժամանակ մի շարք այլ կարևոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացի պայմաններում, մասնավորապես, Համաշխարհային տնտեսական ֆորումի մրցակցության զեկույցում 79-73 տեղն ենք բարձրացել, տնտեսական ազատության ինդեքսով 54-րդ տեղից բարձրացել ենք 33-րդ հորիզոնականը:
«Դա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը: Միաժամանակ պետք է նշել, որ նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այդ ոլորտներին, որտեղ արձանագրվել են անկում՝ դատական և իրավական ապահովման, թույլտվությունների վարչարարության ոլորտները, որոնց հիման վրա մշակված օրենքի նախագծերն արդեն իսկ ներկայացվել են Ազգային ժողով»,-ասաց վարչապետը:
Ի լրումն նախորդ նիստում տրված ծրագրային բարեփոխումների համար տեսանելի մոնիթորինգային համակարգի գործարկման վերաբերյալ հանձնարարականի, Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց Կառավարության աշխատակազմ ներկայացնել այս ուղղությամբ բարեփոխումների ընթացքը կազմակերպելու և համակարգելու, ինչպես նաև դրանց իրականացման ընթացքի վերաբերյալ հստակ առաջարկություններ: Նույն ժամկետում ներկայացնել առաջարկություն միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և այն համակարգող պատասխանատու նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և Երևանի քաղաքապետին առաջարկեց ներկայացնել առաջարկություն միջգերատեսչական աշխատանքային խմբում համապատասխան ղեկավարի տեղակալի և նրա անձնական պատասխանատվության ապահովման վերաբերյալ:
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն-հիմնադրամի տնօրենին հանձնարարեց ձևավորել անհրաժեշտ փորձագիտական խումբ՝ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով պատասխանատու կառույցներին անհրաժեշտ մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Vesti.am