Foto

Դավիթ Յուրչենկոն հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում գրկաբաց սպասում են հայազգի ֆուտբոլիստ Դավիթ Յուրչենկոյին, ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է, և հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, ջանք չենք խնայել և բազմաթիվ քայլեր ենք արել նրան Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու կապակցությամբ»,-ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Հայրապետյանը:

Անդրադառնալով Մախաչկալայի «Անժիում» հանդես եկող դարպասապահի՝ օրեր առաջ հարցազրույցի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ ՀՖՖ-ն իրեն պաշտոնապես չի հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, Հայրապետյանն ասել է, որ որոշակի խոչընդոտներ կային։

«Նրա համար խոչընդոտ էր հանդիսանում այն հանգամանքը, որ, հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականում, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ: Բացի այդ Դավիթը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում:

Հիմա մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել, որ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, պատրաստ ենք ևս մեկ անգամ հրավիրել Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար»,-նշել է Հայրապետյանը, հավելելով, որ գրկաբաց սպասում են Յուրչենկոյի՝ իրենց հրավերը ընդունելուն:

Vesti.am