Foto

«ՀՀ կառավարության ու ԵՄ-ի կողմից միմյանց հետ աշխատելու փոխադարձ կամք կա». Սվիտալսկի

Հայաստանի և Եվրամիության համագործակցության արդյունքում մեկնարկել է «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքը, որի շրջանակում տեղի կունենա ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների հերթական փուլը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ ԵՄ-ն իր գործունեության առանցքն է համարում արևելյան գործընկերության երկրներում տնտեսական աճին օժանդակելը:

-Մենք հավատացած ենք, որ տնտեսական տոկունությունն առանձնակի ուշադրության կարիք ունի, ուստի սատարում ենք Հայաստանին այդ հարցում, որպեսզի լավագույն հնարավորություններն ընձեռենք տնտեսական զարգացման համար,-ասել է նա:

Ըստ Սվիտալսկու՝ տնտեսության զարգացման համար կարևոր դեր ունեն ՓՄՁ-ները և օտարերկրյա ներդրումները: Նրա խոսքով՝ դա գտնվում է նաև ՀՀ նոր կառավարության ծրագրի առանցքում:

-Ես հանդիպել եմ նոր վարչապետի հետ և կարող եմ վերահաստատել, որ  ՀՀ կառավարության ու ԵՄ-ի կողմից միմյանց հետ աշխատելու փոխադարձ կամք կա՝ ի շահ Հայաստանի տնտեսության,-ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում զբաղվածության  30 տոկոսը, ԵՄ-ում՝ 60-70՝ միաժամանակ հույս հայտնելով, որ ՓՄՁ-ների շեշտադրումը ՀՀ-ում նոր տնտեսական աճ կապահովի:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ փաստաթղթում կարևորել է հատկապես առևտրի և ներդրումների մասին գլուխը, որը, ըստ նրա՝ նպաստավոր է ոչ միայն ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական զարգացման, այլև՝ Հայաստանում անցկացվելիք բարեփոխումների մշակման ընթացքում ճիշտ փորձի վրա հիմնված մոտեցումներ որդեգրելու համար:

-Այդ գլխում ներառված են թափանցիկության, ապրանքների, առևտրի, մաքսային հարցերին առնչվող կետեր: Մենք լիահույս ենք, որ կընդգրկվի նաև ներդրումների հարցը և այդ առումով ևս քննարկումներ կսկսվեն,-ասել է փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը կշարունակվի:

Vesti.am