Ինչպիսի մեծ պատիվ։ Գիտեն թե փող ունեն, կարող են տասնյակ փաստաբաններ վարձել ու աջուձախ բոլորին դատի տալ ու դրանով ինչ-որ հարցեր լուծել, օրինակ՝ մեզ լռեցնե՞լ։ Լու՞րջ:Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով Սամվել Կարապետյանի կողմից իր և ՔՊ-ական մեկ այլ պատգամավորի՝ Հայկ Կոնջորյանի դեմ հայցեր ներկայացնելուն։
Ավելի վաղ «Հետքը»-ը գրել էր, որ կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Գործարարը պատգամավորներից յուրաքանչյուրից պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ։
Մասնավորապես՝ Արսեն Թորոսյանը 2025թ. Ազգային ժողովի ամբիոնից ասել է. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։
Այս արտահայտությունները Ս. Կարապետյանի կողմից վիրավորական են ընկալվել, հետևաբար փոխհատուցումից բացի` Ա. Թորոսյանից պահանջում է նաև հրապարակային ներողություն խնդրել։
Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը հրապարակայնորեն հերքի 2025թ. հունիսի 17-18-ին ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում արտահայտած տվյալներն այն մասին, որ
«Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով։ Ինչպես նաև այն, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին (արտահայտությամբ նշվել է թուլափայ) ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն»։
Երկու դեպքում էլ Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Արսեն Թորոսյանը և Հայկ Կոնջորյանը հրապարակային ներողություն խնդրեն և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում հերքում տարածեն, իսկ անհնարինության դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գան հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։