Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովն իր առաքելությունն իրականացրեց: Vesti.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը Արամ Սարգսյանը: Նա հավելել է, որ Հայաստան եկան բիզնես-ոլորտի այնպիսի մարդիկ, որոնք, իսկապես, կարող ուժեր են և կարող են իրենց գաղափարներով, ներդրումներով շատ բան անել Հայաստանում:
Ա. Սարգսյանի խոսքով՝ այդ աշխատանքը Ռուսաստանի հայերի միության կողմից իրականցվել է տարիներ շարունակ և հիմա դժվար կլինի ասել՝ արդյունքները համաժողովի՞ հետ էին կապված, թե՞ նախկինում արված աշխատանքների, այդ պատճառով էլ պետք է հետևողական լինել:
-Ռուսաստանի հայերի միությունն ու Համաշխարհային հայկական կոնգրեսն «Ազգային միասնություն» շարժման շրջանակում հավաքագրել էր փոքր և միջին բիզնեսի ծրագրեր: Համաժողովի ընթացքում դա ներկայացրել ենք հյուրերին և պետք է սպասել նրանց արձագանքին,-ասել է նա:
Ա. Սարգսյանը նկատել է՝ շատ կցանկանար, որ ՀՀ կառավարությունն ավելի լավ օգտագործեր այն հնարավորությունը, որը ստեղծված էր համաժողովի ընթացքում. նախարարները, փոխնախարարները մասնակցեին աշխատանքին, ծանոթանային հյուրերի հետ և առաջարկեին համապատասխան ծրագրեր:
-Համաժողովի ընթացքում «Ռոստեխ» ընկերությունը հայտարարեց, որ պատրաստ է համատեղ ծրագրեր իրականացրել: ՀՀ կառավարության կողմից որևէ մեկը չկար, որպեսզի դա լսեր և նրանց հետ բանակցեր: ՀՀ վարչապետը ներկա էր, բայց միջին օղակն այդպես էլ չերևաց այնտեղ,-ասել է նա՝ ընդգծելով, որ Արա Աբրահամյանի կատարած աշխատանքի ամենակարևոր իմաստն էլ հենց այն էր, որ համապատասխան պայմաններ էր ստեղծված այդ ամենի համար:
Ա. Սարգսյանը, ամփոփելով համաժողովի արդյունքները, ասել է, որ քննարկվել են և՛ համաշխարհային, և՛ հայկական տնտեսության առջև ծառացած խնդիրները: Նա տեղեկացրել է, որ երկու ծրագրի առումով արդեն կան որոշակի հաջողություններ:
-Առաջինը «Նաիրիտի» վերաբերյալ ծրագիրն է, որն արդեն ընթացքի մեջ է: Եվս 1, 2 ամիս է անհրաժեշտ, որպեսզի գործնականում հասկանանք, թե ինչ ուղղությամբ է պետք աշխատանք տանել, որպեսզի «Նաիրիտի» գոնե մի մասը սկսի աշխատել: Երկրորդը վերաբերվում է բազալտի մանրաթելին, որը հետաքրքրեց ռուսական կողմին,-ասել է նա՝ ընդգծելով, որ իշխանությունը պետք է մտածի, թե ինչպիսի ներդրումային պայմաններ ստեղծի, որպեսզի դրսի ներդրողը համոզված լինի, որ այստեղ իր աշխատանքն անվտանգ է և շահութաբեր:
Vesti.am
Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում։
https://www.youtube.com/watch?v=UFAJScvk3Do&feature=youtu.be