Foto

ՀԾԿՀ-ն մերժել է ՀԷՑ-ի վարչական բողոքը

Սեպտեմբերի 16-ին կայացած նիստում ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժելուն, «Վիվա Արմենիա» ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը և այլ օրակարգային հարցերի։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
 
«Մասնավորապես, հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշմամբ երկարաձգվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը՝ մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։
 
Ընկերությունը բողոքարկել էր որոշումը՝ խնդրելով անվավեր ճանաչել 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշումը և երկարաձգել լիցենզիան նախկինում տրված ժամկետով։ Հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել էր, որ հանձնաժողովի որոշումը իրավաչափ է, քանի որ տվյալ դեպքում օրենքով նախատեսված է, որ երաշխավորված մատակարարի կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ՀՀ ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են՝ համաձայն ՀՀ Կառավարության հաստատած ծրագրի, իսկ այդ ծրագրում տեղ գտած դրույթների բովանդակությունից և դրանց իրագործմանն ուղղված գործողություններից հետևում է, որ ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված գործողության ժամկետը կարող էր երկարաձգվել առավելագույնը մինչև 2029 թվականի փետրվարի 1-ը։
 
Ուստի այսօրվա նիստում հանձնաժողովը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը։
 
Հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի №285-Ն որոշման լրամշակման արդյունքում՝ շարժական կապի օպերատորներին հնարավորություն է ընձեռվել իրենց կայքերի կամ հավելվածի միջոցով նաև օտարերկրյա քաղաքացիների հետ կնքել շարժական կապի ինտերնետ ծառայությունների մատուցման պայմանագրեր։
 
Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը համաձայնություն տվեց «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։