Foto

«Իրանի համար Հայաստանը շարունակում է կարևորագույն գործընկեր մնալ». իրանագետ

Իրանը, դուրս գալով պատժամիջոցների ռեժիմից,  նոր ուշադրություն է սևեռել Հարավային Կովկասի   վրա՝ մեր տարածաշրջանի հանդեպ  որդեգրելով   հավասարակշիռ քաղաքականություն: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հարավային Կովկասում  տեղի ունեցած վերջին զարգացումների  և հայ-իրանական հարաբերությունների մասին, ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով,  Իրանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում հասկանալու համար, պետք է ի նկատի ունենալ Իրանի վարած արտաքին քաղաքական ուղեգիծը և այն շահերը, որոնք առկա են Մերձավոր Արևելքում:

 -Ակնհայտ է, որ մեր բոլոր անհանգստությունները, վախերը կապված այն բանի հետ, որ Իրանի «մերձեցումն» Ադրբեջանի հետ, Հայաստանը դուրս կթողնի իրանական ուղեծրից, ինչ-որ առումով փարատվել են: Իրանի նախագահի սպասվող այցելությունը Հայաստան փաստացի ցույց է տալիս, որ  Իրանը   մեր երկիրը   տարածաշրջանում կարևորում է,-շեշտել է Ոսկանյանը:

Մյուս կարևոր ուղերձն, ըստ իրանագետի, Իրանի տրանսպորտի նախարարի հայտարարությունն էր  այն մասին, որ իրենք շարունակելու են  Թավրիզը երկաթուղով Հայաստանին կապելու ծրագրի աշխատանքները:

Ոսկանյանն ընդգծել է, որ իրանցիների համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մակարդակներում  Հայաստանը շարունակում է կարևորագույն գործընկեր մնալ , լրջագույն պոտենցիալ ունեցող երկիր՝ կապված այն ծրագրերի հետ, որոնք առնչվում են դեպի հյուսիս, Սև ծով ելք ապահովելու գործընթացին:

-Կարևորագույն  գործողությունը, որն իրականացրեց ՀՀ-ն Իրանի հետ, վիզային ռեժիմի չեղարկումն էր: Սա ոչ միայն կոնկրետ քայլ է՝ ուղղված դյուրացնելու քաղաքացիների մուտքը տվյալ երկրներ, այլև սա ցուցիչն է այն բանի, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են վստահելի հարաբերություններ:

Vesti.am

Մանրամասները՝ Vesti.am-ի տեսանյութում:

https://www.youtube.com/watch?v=nSkA6as7eaI&feature=youtu.be