Իրանի նախագահ Հասան Ռոհանիի սպասվելիք այցը Հայաստան վկայում է ընթացիկ տարում հայ-իրանական հարաբերությունների վերընթացի մասին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
-Իրանը փորձում է տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն վարել, այդ պատճառով էլ օգոստոսի 8-ին Բաքու կատարած այցից հետո Ռոհանիի ժամանումը Հայաստան տրամաբանական է,-նշել է նա:
Իրանագետի համոզմամբ՝ չնայած ադրբեջանական գործոնի առկայությանը, որն ամեն կերպ ցանկանում է խոչընդոտել Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը, Իրանը ցույց է տալիս, որ մտադիր չէ կապերը վատացնել Հայաստանի հետ.
-Եթե պատմականորեն դիտարկենք, Հայաստան-Իրան հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա են եղել, նույնիսկ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ժամանակ Հայաստանը չանսաց գերտերությունների ճնշումներին և շարունակեց տնտեսական քաղաքականությունը մեր հարևան պետության հետ՝ բացառությամբ բանկային ոլորտի, որը Հայաստանի քաղաքական կամքից անկախ էր:
Տոնոյանի գնահատմամբ՝ վերջերս վիզային ռեժիմի ազատականացումը, որի շնորհիվ Հայաստան աննախադեպ թվով պարսիկ զբոսաշրջիկներ ժամանեցին, հարաբերությունների ընդլայնման ևս մեկ ապացույց է.
-Սա ոչ միայն տնտեսական հեռանկարներ, այլ նաև քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ անկախ տարածաշրջանում փոփոխություններից՝ հայ-իրանական հարաբերությունները շարունակելու են զարգանալ ինչպես նախկինում,-եզրափակել է իրանագետը:
Vesti.am