Հայաստանի զարգացման հիմնադրամը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպել է «Armenia Expo-2016» անվամբ հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-8-ը՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանի խոսքով՝ միջոցառումը կազմակերպվել է Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով:
-Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները, որոնք ավելի են ընդլայնվել ԵԱՏՄ մեր անդամակցությամբ: Միաժամանակ, նպատակ ունենք իրանցի գործարարների ավելի լայն շրջանակի համար բացահայտել մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները,- նշել է Մկրտիչեանը:
«Armenia Expo-2016»-ին կներկայացվեն հայկական սննդի, դեղագործության, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, ոսկեգործության, ճշգրիտ ճարտարագիտության, ՏՏ, բանկային, ապահովագրության, բեռնափոխադրումների և այլ ոլորտների շուրջ 80 ընկերությունների ապրանքներ ու ծառայություններ։
-ՀՀ կառավարությունը կարևորում և առաջնային է համարում Իրանի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումը և արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը: Հայաստանի կառավարությունը արտահանման ծավալների մեծացման նպատակով որդեգրել և իրականացնում է ակտիվ ու բազմավեկտոր քաղաքականություն, որի շրջանակում է դիտարկվում նաև Իրանում կազմակերպվող հայկական ապրանքների ու ծառայությունների ցուցահանդեսը,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության նախորդ տարվա ցուցանիշը բավական համեստ է եղել: Արտահանվել է մոտ 80 մլն դոլարի ապրանք, ներմուծվել ՝ 200 մլն-ի: Սակայն, ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի՝ առկա են բոլոր նախապայմանները, որոնք կարող են մեծացնել Իրանի և իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը:
-Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, որպես դրա արդյունք՝ եվրոպական, ռուսական և այլ երկրների կողմից Իրանի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրությունը, ԵԱՏՄ-Իրան համագործակցության ընդլայնումը և առևտրի հնարավոր ազատականացումը, և, անշուշտ, մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ, բարեկամական հարաբերությունները կարող են մեծացնել միմյանց նկատմամբ հետաքրքրությունը,- ասել է նա:
Նմանատիպ ցուցահանդես անցկացվելու է նաև Երևանում, որտեղ կներկայացվեն իրանական ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=D90uyVH9zZ4&feature=youtu.be