Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) տնօրեն Ազիզոլա Ռամեզանին հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է Եվրոպային գազ մատակարարել Թուրքիայով: Թավրիզ-Անկարա գազամուղը կօգտագործվի իրանական գազը եվրոպա հասցնելու համար: Սա արդեն երկրորդ լուրջ նախագիծն է, որ Իրանը չի իրականացնում ՀՀ-ի հետ: Սրանից առաջ խոսակցություններ կային Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման մասին, բայց մեր հարավային հարևանը նախընտրեց Ադրբեջանով կառուցել Եվրոպային կապող երկաթգիծը: Առաջին դեպքում Ադրբեջանը, երկրորդում՝ Թուրքիան: Մտահոգիչ իրավիճակի մասին Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:
-Ինչո՞ւ Իրանը չի համագործակցում Հայաստանի հետ, մասնավորապես՝ իր գազը Հայաստանով Եվրոպա մատակարարելու ուղղությամբ:
-Այստեղ մի քանի գործոններ են հաշվի առնվել: Հայաստանը երբևիցե նման փորձ չի ունեցել, Հայաստանը լուրջ խաղացող չէ, ի տարբերություն Թուրքիայի: Թուրքական գործոնը, իհարկե, մտահոգում է Իրանին՝ հաշվի առնելով սիրիական ճգնաժամը: Գիտեք, որ Սիրիայում Թուրքիայի և Իրանի շահերը ֆունդամենտալ տարբերվում են, բայց ես կարծում եմ, որ մեծ դեր է խաղացել նաև այն, որ Հայաստանի հետ պայմանավորվածությունը կապված է նաև Վրաստանի հետ: Հայաստանի հետ պայմանավորվելուց հետո Իրանը պետք է բանակցեր Վրաստանի հետ նույնպես: Այսինքն, կարելի է ասել, որ դա երկարաժամկետ գործընթաց էր: Բավական երկար հաշվարկներ են կատարվել՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական շահերից ելնելով:
-Հնարավո՞ր է, որ հետագայում Հայաստանով էլ գազ մատակարարվի Եվրոպա:
-Այս պահի դրությամբ նրանք նպատակահարմար են համարում Թուրքիայի տարածքով արտահանելը, բայց վաղը մյուս օրը կարող են այդպիսի ճանապարհ կառուցել նաև Հայաստանով և Վրաստանով: Չեմ կարծում, որ ամբողջ գազի մատակարարումը Թուրքիայով լինի, որովհետև նման նախագծերը, սովորաբար, ավելի շատ պահանջում են դիվերսիֆիկացված մոտեցումներ:
-Ինչ պետք է անեն մեր իշխանությունները՝ իրանական գազը Հայաստանով Եվրոպա մատակարարելու համար:
-Հայաստանը պետք է ակտիվ քաղաքականություն վարեր, ինչպես օրինակ անում է Վրաստանը: Նա և՛ Իրանի հետ է բանակցում, և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի: Այդպիսի քաղաքականություն Հայաստանը երբևիցե չի ունեցել: Հայաստանից շատ քիչ բան է կախված, մենք էական ոչինչ չենք կարող անել:
Vesti.am