Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է, ինչն անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները:
Այսպես, X-ի իր էջում իրանցի բարձրաստիճան պաշտոնյան գրել է, որ Իրանի պահանջած 10 կետերից առաջինը Լիբանանում նույնպես հրադադարի հաստատումն էր, ինչը խախտվել է Իսրայելի կողմից: 2-րդ կետով Իրանը պահանջել է չխախտել ոչ մի պարագայում իր օդային տարածքը, ինչն այսօր արդեն տեղի է ունեցել: 3-րդ կետով, ըստ Ղալիբաֆի, Իրանը պահանջում է հարգել ուրանի հարստացման իր իրավունքը, ինչն ԱՄՆ-ն համառորեն մերժում է:
«Այս իրավիճակում ո՛չ հրադադարի պահպանումը, ո՛չ խաղաղության բանակցություններն իմաստ չունեն», – նշել է նա:
Նկատենք, որ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում առաջիկա ժամերին սպասվում է իրանցի և ամերիկացի պաշտոնյաների բանակցությունները:









