Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործընթացները սկսվեցին այն ժամանակ, երբ հանրահավաքում հրապարակավ հրահանգ տրվեց ձերբակալել և զրկել գույքից։ Այդ մասին «Կալանավորված Հայաստան» կլոր սեղան-քննարկման ընթացքում հիշեցրել է Արման Աբովյանը։
Ըստ նրա՝ շատ է խոսվում այն մասին, թե «մարդիկ հոգնել են»։ Դա այդպես չէ, ոչ թե «մարդիկ հոգնել են», այլ երկրում վախի մթնոլորտ է տիրում, հայտարարել է Աբովյանը։ «Մարդիկ վախենում են։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մեկ հավանելու համար կարող են աշխատանքից ազատել, զրկել մի կտոր հացից»,- նկատել է նա։
Խոսելով ԲՀԿ առաջնորդի շուրջ տեղի ունեցողի մասին՝ Աբովյանն ընդգծել է՝ Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը կալանավորված են քաղաքական դրդապատճառներով։ Ծառուկյանի գործը պարադոքսալ է. անգամ իշխանության ներկայացուցիչներն են ասում, որ գործը քաղաքական է։ «Առավել ևս, որ Ծառուկյանին առնչվող գործընթացները սկսվեցին այն ժամանակ, երբ հանրահավաքում հրապարակավ հրահանգ տրվեց ձերբակալել և զրկել գույքից։ Գործընթացներն այս առումով այնքան բաց ու թափանցիկ են, որ, ըստ էության, հակառակն ապացուցելու կարիք չկա»,– նշել է Աբովյանը։
Նա նշել է, որ քաղաքական հետապնդումը պետք է ինչ-որ հիմք ենթադրի. «Ծառուկյանի գործը ես անվանում եմ «180 աստիճան», որովհետև նրանք, ովքեր պետք է հայտնվեին մեղադրյալի աթոռին, որոնց սուտ ցուցմունքների հիման վրա Ծառուկյանը ձերբակալվել է, «տուժողներ» են, իսկ իրական տուժողը, որն Իրանում ճանաչվել է այդ կարգավիճակով, ձերբակալված է։ Ըստ էության, հանրային դաշտում Գագիկ Ծառուկյանի անմեղությունն ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Նման համոզմունք ունեն երկու կողմերն էլ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։ Անհեթեթությունն այն է, որ հարց է դրվում՝ արդյոք դատավորը կճանաչի ապացուցված անմեղությունը։ Նույն հաջողությամբ կարելի է փողոցում կանգնեցնել ցանկացած քաղաքացու և մեղադրել նրան «Տիտանիկը» խորտակելու մեջ»։
Աբովյանն արձանագրեց, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 14-ին, Նոր Նորքի դատարանում տեղի կունենա մի մարդու գործով նիստ, որի միակ մեղքն այն է, որ նախընտրական շրջանում համարձակվել է ասել՝ բավական է վիճել, եկեք համատեղ երկիրը դուրս բերենք ստեղծված իրավիճակից։ Այսինքն՝ համախմբման և արդարության օգտին արտահայտված մարդիկ հայտնվում են ճաղերի հետևում։
Քաղաքական գործիչը կրկնեց վախի մասին միտքը։ Նրա գնահատմամբ՝ բոլորը վախենում են՝ թե՛ ինքը, թե՛ Ծառուկյանը, թե՛ Քոչարյանը, թե՛ Կարապետյանը, և յուրաքանչյուր հայ վախենում է, որ վաղը մենք Հայրենիք չենք ունենա։ Վաղն այն օրն է, երբ յուրաքանչյուր հայ պետք է հասկանա՝ իրեն կառավարում են՝ օգտագործելով վախը, թե մենք ենք կառավարում մեր վախերը, եզրափակել է Աբովյանը։









