Foto

Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային 127 միլիարդ եվրո է արժեցել. ֆոն դեր Լյայեն

Հորմուզի նեղուցի փակումը հանածո վառելիքի գների աճի պատճառով Եվրոպային 127 միլիարդ եվրո է արժեցել։ Դրա մասին երեքշաբթի Բրյուսելում անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է Rapporteur-ը։

Ըստ նրա՝ Իրանի հետ պատերազմի մեկնարկից հետո նավթի և գազի գների կտրուկ թռիչքը ակնհայտորեն ցույց է տվել հանածո վառելիքից Եվրամիության կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը։

Մինչև փետրվարի վերջին Իրանին հասցված ամերիկա-իսրայելական հարվածները Հորմուզի նեղուցով էր անցնում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային ծովային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Հակամարտության մեկնարկից հետո Թեհրանը փաստացի արգելափակել է ռազմավարական նշանակություն ունեցող այս ծովային ուղին։

Ֆոն դեր Լյայենի հայտարարությունը հնչել է տարածաշրջանում հակամարտության նոր սրման մտավախությունների ֆոնին։