Գերմանական Volkswagen (VW) ավտոկոնցեռնը մշակում է արտադրական ծախսերը կրճատելու լայնածավալ ծրագիր, որով նախատեսվում է մինչև 2030 թվականը սառեցնել ամբողջ աշխարհում իր հարյուր հազարավոր աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը՝ հղում անելով ավտոարտադրողի ներքին գաղտնի փաստաթղթերին։
Ըստ հրապարակման՝ խնայողության խիստ միջոցառումները կանդրադառնան կոնցեռնի 600-հազարանոց գլոբալ աշխատակազմի զգալի մասի վրա։ Վերլուծաբանները նշում են, որ վճարումների զրոյական աճի բազմամյա շրջանը, կանխատեսվող գնաճի պայմաններում, աշխատակիցների համար կարող է հանգեցնել իրական եկամուտների շուրջ 10% կորստի։ Volkswagen-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը՝ նման լուրերն անվանելով «շահարկումներ»։ Կոնցեռնում ընդգծել են, որ աշխատանքային ցանկացած պայմանավորվածություն նախևառաջ պետք է քննարկվի ընկերության ներսում՝ առաջիկա սակագնային բանակցությունների շրջանակում։
Ծախսերի օպտիմալացման մշակվող ռազմավարությունն ընկերության ներսում ստացել է Group Target Picture («Խմբի նպատակային տեսլական») անվանումը։ Ըստ ուղեցույցների՝ ղեկավարությունը մտադիր է նոր հիմնարար սկզբունքներ ներդնել միջազգային սակագնային համաձայնագրերի համար։ Բացի հիմնական աշխատավարձերի սառեցումից, նախատեսվում է կրճատել պարգևավճարներն ու կորպորատիվ արտոնությունները, նվազեցնել արտաժամյա աշխատանքի ծավալը՝ զուգահեռաբար բարձրացնելով աշխատանքի արտադրողականությունը, ինչպես նաև իրականացնել տասնյակ հազարավոր նոր կրճատումներ՝ առաջին հերթին վարչական ոլորտում։ Գերմանիայում փակման վտանգի տակ են հայտնվել չորս գործարաններ, այդ թվում՝ Audi և Porsche ապրանքանիշերի արտադրամասերը։
Արհմիություններն ու VW-ի Համաշխարհային արտադրական խորհուրդը խիստ քննադատել են բարձրագույն ղեկավարության այս նախաձեռնությունը՝ ծրագրերը որակելով «անհեթեթ» և «բացարձակապես անիրագործելի»։ IG Metall արհմիությունը բանակցությունների նոր փուլում պահանջում է աշխատավարձերի 5% բարձրացում։ Նմանատիպ պահանջներ են ներկայացվել նաև ամբողջ մետաղագործական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության ոլորտի համար, որի սակագնային համաձայնագրի շրջանակում են գտնվում VW-ի դուստր ընկերությունները՝ Porsche-ն, Audi-ն և MAN-ը։
Գերմանիայի ավտոարդյունաբերությունը խոր ճգնաժամ է ապրում։ Դա պայմանավորված է ինչպես ծախսերի աճով, մասնավորապես՝ էներգակիրների բարձր գներով, այնպես էլ շուկայում մրցակցության սրմամբ։ Ավելի վաղ աշխատատեղերի կրճատման մասին հայտնել էին նաև մի շարք այլ ավտոարտադրողներ և համալրող մասերի մատակարարներ։









