Foto

Տեղի է ունեցել ուռուցքաբան, ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի հանդիպումը Եգիպտոսի առողջապահության նախարարի հետ

Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարար, պրոֆեսոր Խալեդ Աբդել Ղաֆֆարը Կահիրեում ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու, հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանին։ 

Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել Եգիպտոսի կառավարությունը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՀԿ ապագա առաջնահերթությունները, առողջապահական համակարգերի ամրապնդումը, որակյալ բուժօգնության հասանելիությունը և համաշխարհային առողջապահական մարտահրավերներին արձագանքելու ուղիները։

Առանցքային թեմաներից էր մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային նախաձեռնությունը՝ երեխաների վաղ ախտորոշման, բուժման և համապարփակ խնամքի հնարավորությունների ընդլայնմամբ։ Անդրադարձ է կատարվել նաև համավարակների վերաբերյալ միջազգային համաձայնագրին և առողջապահական արտակարգ իրավիճակներին պատրաստվածությանը։

Եգիպտոսի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հոսամ Աբդել Ղաֆֆարի փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է բազմակողմ համագործակցության ամրապնդման և երկրների առողջապահական առաջնահերթություններին աջակցելու կարևորությունը։

Գևորգ Թամամյանը բարձր է գնահատել Եգիպտոսի առողջապահական առաջընթացը՝ առանձնացնելով տեղական դեղագործական արտադրությունը, Կահիրեի «57357» մանկական քաղցկեղի հիվանդանոցի գործունեությունը և փախստականներին ու տեղահանված անձանց տրամադրվող բուժօգնությունը։

«Եգիպտոսը ցույց է տալիս, որ Գլոբալ հարավը նույնպես այն վայրն է, որտեղ ծնվում են նորարարությունները։ Դեղագործական տեղական արտադրության զարգացումը առողջապահական ինքնիշխանության ամրապնդման օրինակ է», - նշել է Թամամյանը։

Նա շնորհակալություն է հայտնել նախարարին բովանդակալից քննարկման և արժեքավոր խորհուրդների համար՝ կարևորելով Եգիպտոսի առողջապահական հաստատությունների և ԱՀԿ-ի միջև գործընկերությունը և պատրաստակամություն հայտնելով շարունակելու համատեղ աշխատանքը