ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սամարղանդում հանդիպում է անցկացրել Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Տաջիկստանի իր պաշտոնակիցների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախարարական հանդիպմանը քննարկվել են առևտուրը, ներդրումները և տարածաշրջանային գործակցությունը: Ռուբիոն շեշտել է, որ Կենտրոնական Ասիան կարևոր ուղղություն է դառնում ներդրումների և արտահանումների համար:
«Կենտրոնական Ասիան նաև ներդրումների նոր ուղղություն է և արտահանման նոր կենտրոն՝ կենտրոնական տերմինալ, որտեղից մատակարարվում են բոլոր երկրների ապագայի համար կենսական նշանակություն ունեցող նյութեր։ Միացյալ Նահանգներում մենք ձգտում ենք ապահովել մեր կարևոր արդյունաբերությունների և դրանք սպասարկող մատակարարման շղթաների անվտանգությունը, որպեսզի լինենք ինքնիշխան, անկախ երկիր և տնտեսություն ու երբեք ստիպված չլինենք ապավինել ռիսկային օտարերկրյա գործընկերներին կամ նույնիսկ հակառակորդներին», – նշել է Ռուբիոն։
«Այս համաժողովը՝ «C5+1» (խմբ.՝ Կենտրոնական Ասիայի հինգ պետություններ և ԱՄՆ) ձևաչափն, արտացոլում է ոչ միայն Ամերիկայի շահագրգռվածությունը, այլև նրա հանձնառությունը՝ նպաստելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ առավել սերտ և խաղաղ հարաբերությունների զարգացմանը», – հավելել է նա









