Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի արտահերթ նիստը. հայտնում են Առողջապահության նախարարությունից։
«Թեև ոչ վարակիչ հիվանդություններն են շարունակում մնալ մահվան հիմնական պատճառ, այդուհանդերձ, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, ժամանակին հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված աշխատանքներում զգոնությունն անգամ աննշան թուլացնելու իրավունք չունենք․ հատկապես քովիդն ու հետքովիդյան շրջանը փաստեցին դա»,- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի արտահերթ նիստին նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նիստի ներկայացվել են Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլոզի առկա վիճակը, դրանց կանխարգելման, հայտնաբերման ու բուժման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում արձանագրված վերջին ձեռքբերումները։
Որոշ ինֆեկցիոն հիվանդությունների մասով նկատելիորեն աճել են հայտնաբերման ցուցանիշները։ Սրա վերաբերյալ մասնագետները կարևոր դիտարկում ունեն․ այս ցուցանիշը հաճախ վկայում է ոչ թե հիվանդության տարածվածության աճի, այլ դրա հայտնաբերման արդյունավետության բարձրացման մասին։
Վերջին տարիներին մեր երկրում բարձրացել է ՄԻԱՎ-ի թեստավորման հասանելիությունը, հատկապես բնակչության թիրախային, ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերի նկատմամբ:
Առողջության առաջնային պահպանման օղակի ավելի քան 90 հաստատություններում հասանելի են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման արագ թեստերը, իսկ այն գյուղական ամբուլատորիաներում, որտեղ դրանք բացակայում են, պարբերաբար այցելում են Առողջապահության նախարարության շարժական կլինիկաները։ Այսպիսով` 2025 թվականին իրականացվել է շուրջ 270 000 թեստավորում: Եթե նախկինում հետազոտության պատասխանին քաղաքացին ստիպված էր լինում սպասել 3-4 օր, հիմա արդյունքները պարզ են դառնում նույն օրը։ Այդուհանդերձ, 2024-2025 թվականներին Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-ով հիվանդացության ցուցանիշների, կայունացում, իսկ 2025 թվականին նոր դեպքերի նվազում է արձանագրվել:
Խոսելով ձեռքբերումների մասին` նշվել է, որ Հայաստանը ԱՀԿ-ի Վալիդացիայի Գլոբալ հանձնաժողովի կողմից 2015 թվականին ճանաչվել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկիր` պահպանելով այդ կարգավիճակը մինչև հիմա:
Նիստի ավարտին հաստատվել է նաև ՄՀՀ անցումային շրջանի աշխատանքային խմբի 2026–2027 թվականների գործողությունների ծրագիրը։









